ՆԺԿ-ն արձագանքում է Գեւորգ Դանիելյանին

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Չորրորդ իշխանություն օրաթերթին տված հարցազրույցում /09.05.2008թ./ անդրադառնալով Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին` նշել է. «Բայց մենք ցավոք շատ ենք տրվում մերկապարանոց, ճչացող փաստեր բերելուն: Իսկ երբ նույն այդ աղբյուրներին փորձում ենք խնդրել, անգամ համոզել, որ խոսքերի ապացույց փաստեր ներկայացնեն, փաստեր չունեն»:

Այս հարցազրույցի առթիվ հայտարարություն է տարածել Նոր ժամանակներ կուսակցությունը: «Հայտնում ենք, որ ո’չ ՀՀ Արդարադատության նախարարը, ո’չ Գլխավոր դատախազը, ո’չ Ոստիկանապետը և ո’չ էլ ՀՀ ԱԱԾ տնօրենը երբևէ պաշտոնապես գրավոր չեն խնդրել Արամ Կարապետյանին կամ առավել ևս չեն համոզել նրան իր կողմից հասարակական հնչեղություն ստացած և իշխանությունների ապազգային գործունեությանն առնչվող հարցադրումների վերաբերյալ փաստեր ներկայացնել կամ օգնել իրավապահ ատյաններին` բացահայտումներ կատարելու գործում: Ճիշտ հակառակը, Արամ Կարապետյանի կողմից իրավապահ ատյանների ղեկավարներին ուղղված բազմաթիվ նամակներ մնացել են անպատասխան:

Հետևաբար, կոչ ենք անում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` քաղաքական շոուների ժանրով չգայթակղվել, քանզի նրանց կողմից հանրությանը մատուցվող և ՆԺԿ նախագահին առնչվող ապատեղեկատվությունն արդեն զավեշտի է վերածվում», ասված է հայտարարության մեջ: