«Սեւանը» հրկիզել են «Հեզբոլայի» զինյալները

Բեյրութի «Սեւան» ռադիոկայանի տնօրեն Արա Սիսերյանի խոսքով, շաբաթ առավոտյան տեղի ունեցած հարձակումից հետո իրենք ստիպված են ռադիոկայանի համար նոր տարածք փնտրել:

«100 տոկոսով հրկիզված է ռադիոկայանը: Բայց 12 ժամ չէր անցել հրկիզումից, երբ մենք եթեր դուրս եկանք» -հայտարարել է Արա Սիսերյանը` չցանկանալով, սակայն, հստակեցնել, թե հատկապես որտեղից եւ ինչ տեխնիկական միջոցներով են այսօր հեռարձակվում ռադիոկայանի հաղոդումները:

Սիսերյանի համոզմամբ` հարձակման անմիջական պատճառը ռադիոկայանի որդեգրած լրատվական քաղաքականությունն էր. - «Սեւան» ռադիոկայանը ստեղծվել է վեց ամիս առաջ եւ ընդամենը երկու ամիս է, ինչ մենք սկսել ենք քաղաքական ծրագրեր` մասնավորապես լուրեր հեռարձակել: Lիբանանյան ներքաղաքական իրադարձությունները մենք օբյեկտիվ կերպով ենք ներկայացրել, բայց ըստ երեւույթին դա էլ որոշ կողմերի անհանգստացրել է: Հհամաձայն հարձակումն իրականացրել են շիա մահմեդականների «Հեզբոլա» շարժման զինյալները: Սա նախապես ծրագրված հարձակում էր: Դրանից մի քանի ժամ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ գալու են եւ հրկիզեն ռադիոկայանը: Տեղեկությունը ստանալուն պես ես աշխատակցիներին հրահանգեցի լքել ռադիոկայանի շենքը: Երկու ժամ անց եկան եւ ամբողջությամբ հրկիզեցին կայանը: Հրկիզողները «Հեզբոլայի» զինյալներն էին»: