ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջարկները պատրաստ են
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները պատրաստ են եւ նախագահ Սերժ Սարգսյանին կներկայացվեն Լեռնային Ղարաբաղից նրա վերադարձից հետո` երկուշաբթի օրը, հայտարարել է աշխատանքային խմբի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
Աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն էլ նշել է, թե ինքն իր պատգամավոր գործընկերների հետ առաջարկություններ ներկայացրել է բանաձեւի բոլոր կետերի, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակելու ուղղությամբ:
«Գիտեք, ես չեմ կարող ֆիքսել, որ մեզ մոտ քաղբանտարկյալ կա, ես չեմ կարող գնահատել, որ քաղաքական բանտարկյալ կա: Բայց եթե կա մի մարդ, որը քաղաքական հայացքների համար պատժված է կամ ձերբակալված է, ապա այդ մարդը պետք է անհապաղ բաց թողնվի։ Մեխանիզմները քննարկվել են մանրամասն, բավական ակտիվ փոխգործակցության մեջ ենք եղել դատախազության հետ, եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում դուք կտեսնեք պրակտիկ դրա քայլերը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից աշխատանքային խմբում ընդրգկված գործընկերների՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ ես մասնավորապես առաջարկել եմ քաղաքական երկխոսության համար հասարակական պալատի կամ հասարակական խորհրդի ստեղծումը` նախագահին կից, որտեղ հրավիրված կլինեն բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Խորհրդարանական ընդդիմության դերակատարման մեծացման համար ներկայացվել են բավականին հստակ եւ պրակտիկ առաջարկություններ, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը ավելի ակտիվ ներգրավված լինի, եւ ավելի ուժեղացվի խորհրդարանական ընդդիմության տեղն ու դերը խորհրդարանում»:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունիսի վերջին կայանալիք նստաշրջանում քննարկվելու է բանաձեւի կատարման հարցը: «Մինչ այդ մենք ականատեսը կլինենք բանաձեւի կետերի կատարման, բայց բանաձեւում կան նաեւ կետեր, որոնք պահանջում են նախապատրաստական աշխատանք եւ, ինչու ոչ, երկարաժամկետ աշխատանք: Օրինակ` անկախ հետաքննությունը: Այո, ես ավելի քան վստահ եմ, որ մինչեւ Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նիստը կստեղծվի անկախ հետաքննություն վարող հանձնաժողովը, բայց դա չի նշանակում, որ այդ անկախ հանձնաժողովը հունիսի 24-ին կամ 25-ին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովին ինչ-որ բան կունենա ասելու: Այդ հանձնաժողովը ամիսներ պետք է աշխատի, որպեսզի եզրակացությունը մշակվի եւ ձեւավորվի։ Դա կլինի խորհրդարանական հանձնաժողով, հետեւյալ ձեւաչափով` բոլոր խմբակցությունները, անկախ պատգամավորները, միջազգային փորձագետներ, արտախորհրդարանական ուժերի փորձագետներ եւ իհարկե, այդ հանձնաժողովի աշխատանքը միջազգային հանրության մոնիտորինգի տակ կլինի», հայտարարել է Ադոնցը:
