Շիրակում հացադուլավորների քանակը աճում է

Մայիսի 13-ի առավոտվա դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը` Գյումրիում, 2-ը` Ձորակապում` «Սուրբ Հալեւոր Պապ» մատուռի կողքին ամրացված վրանում, 2-ը` Մարալիկում` հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարանում: Այստեղ երկու հացադուլավորները տեղափոխվել էին հրապարակի հարեւանությամբ ամրացված վրանից, քանի որ կիրակի օրը սաստիկ անձրեւում էր Մարալիկում եւ անժամկետ հացադուլի համար պայմանները վրանում խիստ անհարմար էին:

Շիրակի մարզի բոլոր 17 հացադուլավորներն էլ հայտարարել են անժամկետ հացադուլ` մինչեւ իշխանություները կբավարարեն իրենց պահանջները` ազատ կարձակեն բոլոր քաղաքական բանտարկյալներին:

Հացադուլավորները հայտարարում են, որ սա ամենածայրահեղ միջոցն է, որին իրենց ստիպել է գնալ Հայաստանի ավտորիտար ռեժիմը: «Եթե այս միջոցն էլ չօգնեց, մենք գիտենք նաեւ այլ, առավել կոշտ միջոցներ, որոնք կկիրառենք, թող չկասկածեն», հայտարարել են բողոքավորները:

Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանի հարազատ Ձորակապ գյուղի բնակիչները հայտարարել են, որ եթե պահանջը չբավարարվի՝ ողջ գոյղով հացադուլ կհայտարարեն։