Մեղմացում Եվրոպայի ճնշման արդյունքում

«Պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու» մեջ մեղադրվող Ազգային ժողովի
նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, Հայաստանի գլխավոր դատախազի գրավոր ցուցումով փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:

Ռուբինյանը կարծում է, որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը հետեւանք է Եվրախորհրդի գործադրած ճնշումների. «Ինչպես տեսնում եք, որեւէ բարոյական արգելք (իշխանությունները) չունեն: Ունեն պատրաստի հզոր մի աշխատակազմ` ի դեմս ամեն ինչի պատրաստ քննիչների... Եվ, ինչպես տեսնում եք ընթացող դատավարություններից, որեւէ պրոբլեմ չունեն մեկ-երկու ծախու միլիցիոներների որպես վկա բերեն եւ ցանկացած անմեղ մարդու դատեն: Եթե չլիներ ճնշումը դրսից, եթե չլիներ մեր ժողովրդի շարունակական պայքարը, որեւէ բարոյական, խղճի արգելք այդ մարդիկ չունեն», - հայտարարել է Կարապետ Ռուբինյանը եւ հույս հայտնել, որ մոտակա օրերին պիտի նույն սկզբունքով էլի ազատագրումներ լինեն` խափանման միջոցի փոփոխություն:

Ռուբինյանը մարտի 1-ի երեկոյան եղել է Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, լսել է կրակոցների ու պայթյունների ձայնը, բայց ասել է, որ չի կարող ասել, թե ովքեր եւ որտեղից են կրակել:

Նրա կարծիքով, այդ կրակոցները «ընդամենը ժողովրդին վախեցնելու համար էին: Ես չէի կարող պատկերացնել, որ մարդկանց վրա ուղղակի կարող էին կրակ բացել»:

Մյուս կողմից Ռուբինյանը կարծում է, որ «ոչ մի պրոբլեմ չպիտի ունենան` բացահայտելու, թե ովքեր էին իրական հրահրիչները, ովքեր բերեցին այդ հրահրիչներին, ովքեր թույլ տվեցին, որպեսզի ջարդեն եւ թալանեն ինչ-որ խանութներ: Եվ ինչո՞ւ, եթե պիտի կրակեին, չէին կրակում այդ թալանչիների վրա, այլ կրակում էին խաղաղ ցուցարարների վրա։ Եթե ցանկություն լինի այդ բոլորը բացահայտելու, անկախ հանձնաժողով էլ պետք չէ: Պարզապես պետք է դատախազ նշանակել մի մարդու, որին վստահում է ժողովուրդը... Ամբողջ խնդիրն այն է, որ եթե [անկախ հետաքննողները] ներկայացնեն Ճշմարտությունը, ՍերԺ Սարգսյանը մի րոպե անգամ չի կարող նստել նախագահի աթոռին»:

Նրա համոզմամբ, իշխանությունները, եթե անգամ որեւէ բան անեն Եվրախորհրդի բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ, ապա անելու են կիսատ-պռատ: «Եվ այդ կետերի մեծ մասը, իհարկե, չի կատարվի, եւ, համոզված եղեք, որ ձեւեր կգտնեն նաեւ եվրոպացիներին «ֆռռացնելու» համար: Որովհետեւ եթե այդ կետերի պահանջները իսկապես իրականացվեն, այդ մարդիկ կանգնելու են դատարանի առջեւ»։