ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չորս խումբ, մեկ պահանջ
Իրենց խոստման համաձայն, այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպե Թեղուտի պաշտպանության խումբը, ում միացել էին նաեւ Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաների, Բուզանդի փողոցի իրենց տներից վտարված բնակիչները, Դալմայի այգիների եւ Քանաքեռ-Ավանի հողօգտագործողները: Կոչեր էին. «Հեռու Թեղուտից», «Վարչապետ, վարչապետ», «Ձեռքներդ հեռու մեր մշակած հողերից»:
Չորս տարբեր խմբերի պահանջը, ըստ էության նույնն էր. իրենց խնդրի հարցին արդար լուծում։
Թեղուտի պաշտպանության խումբը ՀՀ կառավարությունից պահանջում է դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված շինարարական աշխատանքները, քանի որ այն վնաս է հասցնելու ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ մարդու առողջությանը: «Միայն բանվորական աշխատուժը պետք է օգտագործվի, այն էլ ցածր աշխատավարձով: Ըստ էության կրկին տուժելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ շահելու են մի քանի մարդիկ։ Այս աղետալի վիճակը ոչ միայն վտանգավոր է լինելու Լոռու մարզի համար, այլ մասնագետների վկայությամբ հասնելու է մինչեւ Սեւանի ավազան», հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, Թեղուտի պաշտպանության շարժման անդամ Զարուհի Փոստանջյանը:
Իսկ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը նշում է, որ Թեղուտի մասին որոշումը ընդունվել է դեռ 2001 թվականին, որի մասին ոչ ոք չի իմացել. «Ինչպե՞ս է հանկարծ որոշվել, որ անտառային տարածքը տրամադրվի հանքարդյունաբերության համար, չգիտենք դրա համար գումար տրվել է, թե ոչ, մարդիկ չեն հասկանում, թե ինչպես որոշվեց որ այդ տարածքը պետք է ոչնչանա եւ հենց հանքարդյունաբերության համար»:
Քանաքեռ- Զեյթունի հողօգտագործողներն էլ հայտարարել են, որ արդեն հոգնել են նամակներ գրելուց, քանի որ ոչ մի պատասխանատու նրանց հարցերին չի պատասխանում: «Ես քսան տարի է հող եմ մշակում, աղբանոցը վեր եմ ածել մի կանաչ դրախտի, բայց այսօր ուզում են ծաղկած կամ պտուղը վրան ծառը բուլդոզերի տակ տան եւ դա թույլ չեմ տա»,- նշել է բողոքավորներից մեկը:
Ի դեպ, բնակիչներին առաջարկում են գնել իրենց հողամասերը, սակայն նրանց առաջարկում են այն գնել 1 քմ 27000 դրամով, թեեւ այն, ինչպես հողօգտագործողներն էին նշում, համարվում է 7-րդ գոտի եւ կադաստրով 1քմ արժե 4500 դրամ:
