ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եւս մեկ հացադուլավոր
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատ է, նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, այսօր լրագրողներին տեղեկացրել են կուսակցության վարչության անդամները:
Այդ կապակցությամբ, ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ասել է, որ հայտարարում է անժամկետ հացադուլ, որն անցկացնելու է Գլխավոր դատախազության շենքի առաջ: Հրաչյա Սարգսյանն ունի երկու պահանջ` Արամ Կարապետյանին մեկուսարանից տեղափոխել մասնագիտացված սրտաբանական բուժկենտրոն եւ ենթարկել հետազոտության, ապա եւ նրան ազատ արձակել: Այդ երկու պահանջն է ներկայացնում ՆԺԿ վարչության անդամը, ով հայտարարել է հացադուլ սկսելու մասին:
Արամ Կարապետյանի պաշտպանը լինելու համաձայնություն տված փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն էլ ասել է, թե Կարապետյանին մասնագիտացված բուժկենտրոն տեղափոխելու մասին մայիսի 15-ին զրուցել է գործի քննիչ, Ազգային անվտանգության վարչության հատուկ կարեւորության գործերի հատուկ քննիչ, գնդապետ Մարուքյանի հետ: Զրույցի արդյունքը դեռ հայտնի չէ, իսկ Արամ Կարապետյանը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում:
Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին լրանում է Արամ Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու ժամկետը: Սակայն Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ ինքն այդ կապակցությամբ չի ստացել որեւէ գրություն: Բաղդասարյանն ինքը մայիսի 14-ին միջնորդել է հաշվի առնելով Արամ Կարապետյանի առողջական վիճակը, փոխել նրա խափանման միջոցը, սակայն դեռ պատասխան չի ստացել:
