Արդարադատության նախարարությունը պարզաբանում է

Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ «Սուտ մատնության» մեղադրանքով կալանավորված Արամ Կարապետյանի առողջական վիճակի մասին։

«Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության նախարարության Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Փորձ է արվում «հիմնավորելու», որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց և այլն:

Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին և տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձև, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման:

Իսկ անհարկի ասեկոսների ու ընդգծված շահարկումների համար, թերևս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Արամ Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը:

Ինչևէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում`Արամ Կարապետյանին ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն տեղափոխելու և լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ:

Ներկայում Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ»: