Հայ կանանց կեսը ենթարկվում է գենդերային բռնության

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ և համակարգող, դեսպան Կոնսուելո Վիդալը այսօր ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նոր՝ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը, ասել է, որ Հայաստանում 100 կանանցից 46-ը ենթարկվում է գենդերային բռնության տարբեր դրսևորումների. «Հայ կանանց 67 տոկոսը ենթարկվում է սեռական հետապնդման աշխատավայրում»։

Վիդալը նշել է, որ գենդերային խնդիրները համաշխարհային նշանակության հարցեր են։ «Գենդերային բռնությունը, որպես երևույթ, տարածվում է ողջ աշխարհում։ Մեր ծրագիրը յուրօրինակ խոչընդոտ կդառնա այդ ճանապարհին», - նկատել է նա։

Իսկ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» եռամյա ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակների համար հատկացրել է 3 մլն եվրո՝ նախագծի հարավկովկասյան երեք մասնակից-երկրների համար։

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանի խոսքով, «Երեք տարվա ընթացքում մեր գործունեության հիմնական ուղղությունները կլինեն այդ բնագավառւմ օրենսդրության բարելավումը, ինչպես հասարակությունում, այնպես էլ պետկառույցներում իրազեկության մակարդակի բարձրացումը։ Ծրագրի շրջանակներում հիմնական աշխատանքը ուղղված կլինի իրազեկության մակարդակի բարձրացմանը, քանի որ կանանց 80 տոկոսը չգիտի իր իրավունքները»։

Բացի այդ, ծրագրի շրջանակներում պետկառույցների ներկայացուցիչները կանցնեն վերապատրաստման դասընթացներ, առանձին սեմինարներ են նախատեսված նաև գենդերային բռնության զոհերի համար։

Միաժամանակ Հայրապետյանը նաև ավելացրեց, որ հիմնական խնդիրներից մեկը կլինի տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հաստատումը. «Հետագայում համագործակցության շրջանակներում նախատեսված են համատեղ նախագծեր, տեղի կունենա փորձի փոխանակում»։