Ոստիկանները քանդել են եւս մեկ վրան

Մայիսի 15-ից ՀՀ գլխավոր դատախազության մատույցներում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ հայտարարած նույն կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանին մայիսի 16-ի մոտեցել է ոստիկանների խումբ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Հետագա զարգացումների մասին պատմել է ինքը` Հրաչյա Սարգսյանը. <Իսկապես արդեն հոգնած էինք, մի ամբողջ գիշեր այստեղ նստած ենք անցկացրել այն պայմանով, որ այսօր ժամը 12-ին հստակ կլինի, թե մեր պահանջները ինչպիսի լուծում կստանան: Պահանջներից մեկը հիշում եք, որ Արամ Կարապետյանին հիվանդանոց տեղափոխեն, ինչը գիշերը տեղի ունեցավ, եւ երկրորդն էլ, որ իր խափանման միջոցը փոխեն: Ինչու էինք մենք անհանգիստ, քանի որ քննիչի միջնորդությունը կար, որ նրա խափանման միջոցը երկարաձգվի: Անքուն գիշերից հոգնած, Գլխավոր դատախազության դիմացի այգու խոտածածկին վրան ենք բացել, որպեսզի մի փոքր հանգստանանք: Դեռ չէին հասցրել բացված վրանի մեջ տեղավորված Հրաչյա Սարգսյանին բարձ տալ, որ մի քիչ պառկի, երբ ոստիկանները, այդ թվում եւ հատուկ ջոկատայինները, մոտեցել են վրանին եւ պահանջել են դուրս գալ վրանից եւ հավաքել այն: Ես չեմ ենթարվել այդ պահանջին, քանի որ ոստիկանները որեւէ իրավական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Դրան հաջորդել է այն, որ մի քանի ոստիկան ու հատուկ ջոկատային, գնդապետ Տարոն Բաղդասարյանի հրահանգով, ձեռնամուխ են եղել վրանն ուժով քանդելուն: Այդ ընթացքում նրանք բռնություն են կիրառել իմ եւ նրան աջակցող մարդկանց հանդեպ, այդ թվում եւ կանանց: Այդպես բռի ու վայրենի ձեւով վրանից ինձ դուրս հանեցին: Վրանը քաշքշելով քանդել են, ճղրտել են, ես մեջը: Ինձ հարվածներ հասել է, ոտքիս, ձեռքիս: Վրանը տարան: Ամենասկզբում իրենք ասում էին, որ դուրս եկեք, ես էլ պարոն գնդապետին առաջարկեցի ինձ պայմաններ ստեղծեն, ասում եմ ես 24 ժամ նստարանին նստած եմ եղել, հայտարարել եմ հացադուլ, որն իմ իրավունքն է, ինքնակամ եմ դա արել, բայց նաեւ հանգստանալու իրավունքն էլ է իմ իրավունքը, դուք ինձ կարող եք պայման ստեղծել, որ հանգստանամ: Ասում է ոնց ուզում եք հանգստացեք, գնդապետն է ասում: Ես ասի ուզում եմ վրանի մեջ հանգստանալ, որը բոլոր միջազգային նորմերով ընդունելի ձեւ է: Ինքը ասեց չպիտի լինի վրանը, ես էլ ասեցի պիտի լինի ու մտա վրանի մեջ, ասում է Հրաչյա Սարգսյանը:

Ոստիկաններից քաշքշված կանայք, ի նշան բողոքի հայտարարում էին, թե իրենք էլ այդ պահից հացադուլի են նստում Հրաչյա Սարգսյանի հետ: Թեեւ վրանը չկար, սակայն նրանք խոտածածկի վրա փռված ներքնակներին նստած էին Արամ Կարապետյանի լուսանկարները պարզած եւ վանկարկում էին “Արամ, Արամ”, “Ազատություն”, “Հայաստանը ոստիկանների պետությունը չէ”:

Միջադեպից մի քանի րոպե անց քաղաքացիներին միացան նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, մասնավորապես Մանուշակ Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը: Իսկ քիչ անց դեպքի վայր եկան նաեւ քաղբանտարկյալների կանանց շարժման ակտիվիստները, քաղբանտարկյալների նկարներով եւ “Ազատություն քաղբանտարկյալներին” պաստառով: