ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը ուրախ է եւ զգուշացնում է
Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանին տեղափոխել են Ապարանի շրջան։ Այս առթիվ հայտարարություն է տարածել Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը։
«Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը այս հաղորդագրությամբ ուրախությամբ տեղեկացնում է, որ պաշտոնից վերջապես հեռացվել է Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, ով ԳԱԼԱ ՀԸ դեմ 2007 թվի հոկտեմբերից նախաձեռնված լայնամասշտաբ հարձակման ճակատներից մեկի հրամանատարն էր: Այդ նա էր, որ հոկտեմբերի 16-ին իր աշխատասենյակ հրավիրելով ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, մոտ մեկ ժամ ապարդյուն համոզում, հորդորում, ապա պահանջում էր եթեր չտրամադրել Լ.Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերի ներկացուցիչներին: Այդ անելիս հաշվի չէր առնում, որ ինքը մեր` հարկատուներիս հաշվին է նստում այդ աշխատասենյակում ու պարտավոր է ծառայել մեզ եւ ոչ թե սահմանափակել մեր Խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով մեկ րոպե անգամ չկորցրեց դատարան դիմելիս` ԳԱԼԱ ՀԸ դեմ հարկային օպերլիազորների նկարած 26.566.100 դրամը ստանալու համար. պլան պիտի կատարեր: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով 1 օր անգամ չսպասեց դատարանի վճռից հետո ու դիմեց ԴԱՀԿ-ին ԳԱԼԱ ՀԸ-ից դատարանի արտանկարած գումարը բռնագանձելու պահանջով, ու ծածուկ երազում էրգուցե, որ այդպիսով վերջապես կկարողանա ծնկի բերել հեռուստաընկերությանն ու հաճոյանալ վերադասին: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով աշխատաժամին բանուգործը թողած գնում էր Գյումրու թատերական հրապարակ` մասնակցելու նախագահական թեկնածու Ս.Սարգսյանի աջակցության շոու-հանրահավաքներին: Սա նույն այն Մարտին Զիլֆիմյանն է, ով Սպիտակում տարածքային հարկային տեսչության պետ աշխատած ժամանակ «զրոյական» (պետական բյուջեի նկատմամաբ որեւէ պարտավորության բացակայության վկայությամբ) տեղեկանք էր տվել «Ախթամար» արտադրական կոպերատիվին, որն այդ պահին 9,6 մլն դրամի պարտք ուներ պետական բյուջեին:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը սրտանց շնորհավորում է բոլոր գյումրեցի գործարարներին Մարտին Զիլֆիմյանին Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնից հեռացվելու առթիվ: Բոլոր նրանց, ովքեր մատաղ ունեին խոստացած այս կապակցությամբ, բարի ժամանց ենք մաղթում եւ ասում.-Թող ընդունելի մատաղ լինի:
Միաժամանակ խոր մտահոգություն ենք հայտնում Ապարան քաղաքի եւ Ապարանի տարածաշրջանի բոլոր գործարարների եւ հարկատու իրավաբանական անձանց ապագայի հնարավոր ռիսկերի եւ մասամբ անկանխատեսելի զարգացումների վերաբերյալ. Մարտին Զիլֆիմյանը հիմա էլ նշանակվել է Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ. նրա ծառայությունները հենց այնպես մոռանալ չեն կարող վերեւում: Անկեղծորեն ցավում ենք ապարանցիների համար:
Առայժմ անհայտ է մնում Մարտին Զիլֆիմյանի կարիերայի այս շրջադարձի պաշտոնական մեկնաբանությունը. արդյո՞ք վարչապետ Տ.Սարգսյանն է հանձնարարել հեռացնել նրան համակարգից ու հանձնարարությունը լրիվ չեն կատարել..., կամ որոշել են առայժմ նրան հեռացնել աղետի գոտուց եւ ուշադրության կենտրոնից, արդյո՞ք ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանն է նպատակահարմար գտել իր ամենահավատարիմ գործակատարին հեռացնել Գյումրի քաղաքից, մինչեւ լավ ժամանակներ գային: Դժվար է ասել. մայիսի 16-ին ժամը 16-ին, 16:30-ին, 16:50-ին, երբ Գյումրու հարկային տեսչությունում Երեւանից ժամանած պաշտոնյաները ներկայացնում էին նոր պետին, ՀՊԾ լրատվական ծառայությունում տառացիորեն տեղյակ չէին, թե արդյո՞ք Մարտին Զիլֆիմյանը հեռացվել է իր պաշտոնից, եւ արդյո՞ք նրա փոխարեն նոր մարդ է նշանակվել այդ պաշտոնին:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը միամտություն չունի կարծելու, թե Մարտին Զիլֆիմյանի պաշտոնական փոխատեղումը համակարգը բարեփոխելու ռազմավարություն մաս է կազմում: ԳԱԼԱ ՀԸ վրա կատարված հարկային հարձակման պլանի իրականացման գլխավոր պատասխանատուն եղել եւ մնում է ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը, ով հեռուստաընկերության ՍՊԸ-ում հարկային ստուգումները սկսելուց 5 օր առաջ հարցազրույց տալով «Հայոց Աշխարհ» թերթում (2007 թվի հոկտեմբերի 25-ին) ասել էր, թե «... Իրականում, Հարկային պետական ծառայության աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պլանային ստուգում են անցկացնում ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող «Չապ» ՍՊԸ-ում, որը, ի գիտություն բոլորի, բացի հեռուստատեսային գործունեությունից, զբաղվում է այլ ձեռնարկատիրական գործունեությամբ եւ, ցավոք, ոչ բարեխղճաբար:...», ինչով փաստորեն ուղղորդել էր 5 օր անց սկսվելիք ստուգման ընթացքը եւ ելքը: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, ինչպես նաեւ ազատ խոսքը պաշտպանող մազմահազար քաղաքացիները բոլոր հնարավոր միջոցները ներդնելու են Խոսքի ազատության բոլոր վնասատուների պաշտոնանկման եւ օրինական պատժի օրը մոտեցնելու համար»:
