Քաղկալանավորների կանանց երկրորդ նամակը

Մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կալանավորված, սակայն եւ տեղացի եւ միջազգային փորձագետների կարծիքով քաղաքական դրդապատճառներով ազատազրկված գործիչների կանայք այսօր լրագրողներին հրավիրել էին ասելու, որ երկրորդ բաց նամակ են հղում տեղական, միջազգային կառույցներին, Հայաստանի ապագայով մտահոգ բոլորին-բոլորին:

Առաջին նամակից հետո եղել են շատ արձագանքներ, հայտարարեցին բանախոսները: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը հայտարարեց, որ նամակով միջազգային, առավելապես` եվրոպական կառույցներին նախ շնորհակալություն են հայտնում վերջին 6 շաբաթների արձագանքների համար եւ ապա տեղեկացնում, որ այդ արձագանքները Հայաստանի իշխանությունների վրա դրական ազդեցություն չեն ունենում, ուստի քաղբանտարկյալների կանայք այդ կառույցներին կոչ են անում նոր մեթոդներով եւ մոտեցումներով աշխատել Հայաստանի հետ, լինել հետեւողական, ավելի բարձրաձայն բողոքել եւ ավելի գործուն համագործակցել ժողովրդի հետ:

Մելիսա Բրաունի կարծիքով, այսօր Հայաստանում արդար եւ անկախ դատարան չկա, «դատարաններում թատրոն է: Այսօր կան ընտանիքներ, որի միակ աշխատող անդամը բանտում է, բայց մեր կալանավորված ամուսինները ճնշման տակ ընկերների դեմ ցուցմունք չեն տա: Մենք հպարտանում ենք նրանց կամքով եւ ուժով: Փրկենք ձեր ազգն ու մեր երկիրը»: Քաղկալանավորների կանայք երեկ հանդիպել են Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոյեր-Բուքիքիոյին: Մելիսա Բրաունը տեղեկացրեց, որ տիկին Բոյեր-Բուքիքիոն «մեզ լավ հասկացավ»: