ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է դառնալ ԼՂՀ քաղաքացի
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանդիմել է ԼՂՀ նախագահին: Դիմումում ասվում է.
«Պարոն նախագահ,
Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին` ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում:
Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս և պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել:
Մինչ այդ ս/թ հունիսի 9-ին ավարտվում է ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել էի ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգև ինձ տրված զենքի համար: Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգևը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ և այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի:
Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այդ ընթացքում, ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում «հաստատված» մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ «մեղմ» համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք և հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները:
Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի»:
Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան
21 մայիսի 2008թ.»
