Ուսանողները դիմում են ՀՀ վարչապետին

ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Նամակը վերնագրված է «Մենք ուսանողներս, ընդդիմադիր լինելու իրավունք ունենք»։

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները կարևորվեցին նաև նրանով, որ, ի տարբերություն մնացած բոլոր ընտրությունների, ընդդիմության առաջնորդի հիմնական հենարաններից մեկը երիտասարդությունն էր:

Այն, որ երիտասարդությունը պետք է մասնակցի քաղաքական և հասարակական գործընթացներին, նշված է նաև Ձեր կառավարության ծրագրի մեջ: Մեր կողմից, սակայն, հասարակական կամ քաղաքական պրոցեսներին մասնակցելու յուրաքանչյուր ցանկություն փորձվում է ճնշվել Ձեր իշխանությունների կողմից: Բազմաթիվ անգամ դիմել ենք հյուրանոցներ այս կամ այն միջոցառումն անցկացնելու համար, սակայն մեզ վերջին վարկյանին արգելել են այնտեղ որևիցե բան անցկացնել` առանց լուրջ բացատրություն տալու:

Այս ամենին հաջորդում է նաև, պարբերաբար, առանց ծանուցագրերի երիտասարդներին ոստիկանություն հրավիրելն ու բերման ենթարկելը` երևույթ, որն անընդունելի է յուրաքանչյուր նորմալ երկրի համար: Դուք Ձեր ելույթներում պարբերաբար փաստում եք, որ եթե անարդարացի վարվեն ամենավերջին սրիկայի նկատմամբ, ապա ժողովուրդը Ձեզ չի ների:

Սակայն, միթե Դուք չգիտեք, որ Հայաստանում ամենավերջին սրիկաների նկատմամբ շատ ժամանակ արդարացի են վարվում, իսկ քաղաքական այլախոհներին` պատժում: Իսկ մենք` ուսանողներս, ընդդիմադիր լինելու իրավունք ունենք:

Վստահ ենք, որ Ձեզ համար գաղտնիք չէ այն, որ բուհն ավարտելուց հետո ուսանողներն համալրում են գործազուրկների շարքերը, որ շատ որակյալ մասնագետներ մնում են առանց աշխատանքի կամ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ: Ինչու մինչև այսօր կառավարությունը չի մշակել օրենքի որևէ ծրագիր, որտեղ կխրախուսվեն այն գործատուները, ովքեր շրջանավարտների հետ պայմանագրեր կկնքեն և աշխատանքի կվերցնեն: Ստացվում է այնպես, որ այս երկրում որակյալ մասնագետների կարիք չկա: Մեր առջև ծառացած են հսկայական խնդիրներ և մենք պահանջում ենք, որ Դուք, ով ի պաշտոնե պետք է զբաղվի այս խնդիրներով, որևիցե քայլ կատարեք: Հույս ունենք, որ այս նամակն անպատասխան չի մնա:

ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միություն

Նամակի տակ ստորագրել են Երևանի բուհերի շուրջ 600 ուսանողներ: Նամակը նաև ուղարկվել է Կառավարություն` ստորագրություններով: