Հայտարարություն-2

ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկները եւ մի շարք քաղաքացիներ այսօր միանգամից երեք հայտարարություն են տարածել:

ՀՀ Շիրակի մարզի հյուսիսային քրեական դատարանի դատավոր պրն. Խալաթյանին

Մոտ մեկ ամիս ՀՀ քաղաքացիները եւ ազատամարտիկներս ականատես ենք ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի եւ Պ.Մակեյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործին, ովքեր մեղադրվում են սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների թիվ 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքները միտումնավոր խոչնդոտելու մեջ, սակայն դատավարության ընթացքում, մինչ օրս դատակոչի ենթակա 11 վկաներից 8-ը դատարանի դահլիճում հայտարարեցին ու պնդեցին, որ դատարանը հաշվի առնի դատարանում տրված ցուցմունքները, քանզի նախաքննության ընթացքում քննիչը խախտել է ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի պահանջները, այն է, վկային քննելու կարգը, ուղղորդելով կորզել է ցուցմունքներ շինծու գործին օրինական եւ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով, ուստի ելնելով վերը շարադրվածից, պահանջում եւ միջնորդում ենք ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի համապատասխան հոդվածներով, փոխել Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի, Պ.Մակեյանի խափանման միջոցը, այլապես մենք թվով 51 ՀՀ քաղաքացիներ եւ ազատամարտիկներս 27.05.08 թվի ժամը 18:00-ից հայտարարում ենք 24-ժամյա նախազգուշական հացադուլ:

Ավելորդ չենք համարում նախազգուշացնել, Ձեզ, որ մեր օրինական պահանջը չբավարարելու դեպքում, նախազգուշական ակցիան կվերածվի զանգվածային անժամկետ հացադուլի եւ նույնիսկ ջրադուլի:

Ի նկատի ունեցեք, որ հացադուլավորների մեջ կան 1-ին եւ 2-րդ խմբի ազատամարտիկ հաշմանդամներ, ծերեր եւ կանայք, ուստի անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ձեր վրա:

ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկներ եւ մի շարք քաղաքացիներ