ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժիրայր Սեֆիլյանի համախոհները դիմել են ԵԽ
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի
աջակիցները երեկ բաց նամակ են փոխանցել Եվրախորհրդի երեւանյան գրասենյակին, ինչպես
նաեւ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը:
Նամակը հասցեագրված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին եւ մարդու իրավունքների
հանձնակատարին, Հայաստանի նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին,
ոստիկանապետին, ազգային անվտանգության ծառայության պետին, գլխավոր դատախազին,
Լեռնային Ղարաբաղի նախագահին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես
նաեւ Հայաստանում Լիբանանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններին:
Փաստաթղթի հեղինակները Հայաստանի իշխանություններից պահանջում են «դադարեցնել
Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ շարունակական բնույթ կրող քաղաքական հալածանքները, նրան
տրամադրել Հայաստանում բնակվելու իրավունք»: Իսկ միջազգային կազմակերպություններից`
«անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել` կանխելու ժողովրդավարություն կերտող հայ
ժողովրդի նվիրյալ զավակներից մեկի հանդեպ քաղաքական այլախոհության պատճառով
Հայաստանի ղեկավարության կողմից չդադարող հետապնդումները, ինչպես նաեւ թույլ չտալ
Հայաստանից Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի վտարումը, քանզի դա մարդու իրավունքների կոպիտ
խախտում է»:
Սեֆիլյանը 1 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել ապօրինի զենք պահելու եւ
կրելու մեղադրանքով: Հունիսի 9-ին լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Նա Հայաստանի
քաղաքացիություն ստանալու խնդրանքով երկրի իշխանություններին դիմել է երեք անգամ եւ
ամեն անգամ մերժվել է: Իսկ օրերս ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան`
պահանջելով Սեֆիլյանին արտաքսել Հայաստանից:
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության եւ Սեֆիլյանին զորակցող
կոմիտեի անդամ Արմեն Աղայանը Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ հայտարարել է. «Մենք
բաց նամակի անգլերեն տարբերակը բերել ենք հիմա հանձնենք Եվրախորհրդի համապատասխան
օղակներին` իրենց ներկայացուցչության միջոցով: Խնդիրը կապված է Ժիրայր Սեֆիլյանին
արտաքսելու` իշխանությունների ծրագրերի հետ, մասնավորապես, նրանց այդ
գործողությունները անկհայտ անօրինական են: Մեր խնդիրն է` բացի փաստաբանական
միջոցներով դատարանում այդ հարցը ներկայացնելուց, նաեւ միջազգային օղակներին,
հայաստանյան իշխանության մարմիններին նախապես այդ հարցին տեղեկացնել, որպեսզի հետո
խոսակցություններ չլինեն, թե` «մենք չենք իմացել, չգիտությամբ ենք դա արել»:
Ազգային ժողովում եւս ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի,
որին միացել է դեռեւս միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը:
