ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվս 9 հացադուլավոր
Այսօր կեսօրից Եռաբլուրում 9 մարդ, հիմնականում` նախկին ազատամարտիկներ, անժամկետ հացադուլ է հայտարարել: Պահանջները նույնն են`ազատ արձակել կալանավորված այլախոհներին, որոնք քաղաքական հայացքների համար են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ կատարել ԵԽԽՎ 1609 բանաձեւի բոլոր կետերը:
Մասնավորաբար, նախնական տեսքի բերել հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու հայտնի օրենքը, որը մի քանի րոպեների ընթացքում հարմարեցվեց իշխանությունների քմահաճույքներին:
«
Այստեղ նահատակված մեր ընկերները հենց ազատության, անկախության եւ արդարության համար զոհվեցին»,- բացատրելով ակցիայի տեղի ընտրությունը` հայտարարել է հացադուլավորներից մեկը եւ հավելել «Ինչքան էլ անտարբերություն դրսեւորեն, միեւնույն է, մենք պետք է շարունակենք պայքարը: Նրանք երկար չեն կարող դիմանալ. վաղ թե ուշ` ինչ-որ քայլ պետք է անեն: Եթե դեռ չեն հասկացել, ապա շուտով կհասկանան, որ ինչ-որ բան այն չէ: Եթե միտումնավոր են անտարբերություն դրսեւորում, միեւնույն է` ստիպված են լինելու հաշվի նստել իրողությունների հետ»:
Երեկոյան ծայրահեղ պայքարի ձեւն ընտրած իրենց ընկերներին այցելել էին Հյուսիսային պողոտայի զբոսանքի մասնակիցները, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Հնչում էին հայտնի կարգախոսները եւ ռազմահայրենասիրական երգեր: Այդ պահին տեղում ընդամենը մի քանի ոստիկաններ էին, որոնք, ստեղծված իրավիճակից խուճապահար` անընդհատ դես ու դեն էին զանգահարում, ներկայացնում իրավիճակը եւ հետագա գործունեության ցուցումների սպասում:
