ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կնշվի հունիսի 1-ը
Երեւանում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը բաց երկնքի տակ տոնական միջոցառում տեղի կունենա,տեղեկացնում է World Vision Armenia կազմակերպությունը։
«Տոնական միջոցառման շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում ելույթ կունենա «Մենք» թատերախումբը, «Վիվա» և «Փոքրիկ Նանե» պարային համույթները, Երգի պետական թատրոնի պատանի երգիչները: Կինոթատրոնի շենքում բացվելու է նաև World Vision Armenia մանկական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացվելու են նաև Գյումրիի ֆոտո-ակումբի լուսանկարները», տեղեկացնում է World Vision Armenia-ն։
Այս միջոցառումները World Vision Armenia-ի նախաձեռնած Երեխաների պաշտպանության երկրորդ համաժողովի շրջանակներում են, իսկ համաժողովը անցկացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության և Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի հետ համատեղ։
Տեղեկացնենք, որ Երեխաների պաշտպանության օրվա մասին որոշումն ընդունվել է 1949թ. նոյեմբերին՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի հատուկ նստաշրջանում։ Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը նշվել է 1950թ.։ ՄԱԿ-ը սատարեց այդ նախաձեռնությանը, և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանումը հայտարարեց իր գործունեության առաջնային խնդիրներից մեկը։
