Պարույր Հայրիկյանը հիշեցնում է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մայիսի 28-ը տոնել է հանրապետոթյան հրապարակում՝ բացօթյա մամուլի ասուլիսով:
Առաջին հանրապետության տոնի օրը Պարույր Հայրկյանը խոսել է մի երեւույթի մասին, որը, ըստ նրա, կարող է բացասական անդրադառնալ սերունդների մտածելակերպի վրա:

«1918թ. մեր Անկախության օրն է: Մենք մեր 90-ական թթ. իշխանությունների քմահաճության պատճառով մեր անկախությունը նշում ենք սեպտեմբերի 21-ին՝ 1991թ. հետ կապված, որով մեր անկախության հետ առնչվելու պատմական իրողությունը հետաձգում ենք մոտավորապես 80 տարի: Եվ որպեսզի ամրագրեն սովետական ապօրինի իշխանության տարիները, 1918թ. ստեղծված հանրապետության տարիները կոչեցին Առաջին հանրապետություն: Սա մեր անկախության օրն է եւ որեւէ այլ որակավորում տալ այդ օրվան, մեր պատմական իրողությունների խեղում է: Նախորդ Ազգային ժողովում բոլոր ֆրակցիաները ի պատասխան իմ պաշտոնական նամակի, հայտարարեցին, որ համաձայն են՝ իրոք թյուրիմացություն է տեղի ունեցել, որ մայիսի 28-ը մեր անկախության օրն է, իսկ սեպտեմբերի 21-ը՝ մեր ազգային ինքնորոշման օրը: Բայց, ցավոք սրտի, ոչ մեկը այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկավ»,- հայտարարել է բանախոսը:

Պարույր Հայրիկյանը հիշել է նաեւ 1988 թվականի մայիսի 28-ը. «ի հեճուկս Ղարաբաղ կոմիտեի «Լենին, պարտիա, Գորբաչով» դիրքորոշման, ԱԻՄ-ը Մովսես Գորգիսյանի եւ Մեխակ Գաբրիելյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում առաջին անգամ պարզեց Եռագույնը: «Իսկ հաջորդ օրը Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ վերացրեք այդ Եռագույնը, նա խանգարում է Ղարաբաղյան շարժմանը: Այսինքն՝ ԱԻՄ-ը կամ մեր ազգի առողջ ուժերը հակադրվում էին ոչ միայն բոլշեւիկյան գերիշխանությանը, այլեւ Ղարբաղյան շարժում կոչվող թյուրընկալումներին: Այդ պայմաններում մենք կարողացանք հաստատագրել մեր ժողովրդի հստակ, ճիշտ ընթացքը դեպի անկախություն, դեպի Եռագույնի վերականգնում»,- հիշել եւ հիշեցրել է Հայրիկյանը:

Հայրիկյանն ու իր թիմակիցներն այսօր պատաստվում են այցելել Արամ Մանուկյանի, ԱՄԿ-ի հիմնադիր նախագահ Հայկազ Խաչատրյանի, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմներին: Հայրիկյանի կարծիքով՝ շատ լավ կլիներ, եթե իրենց օրինակին հետեւեին նաեւ ՀՀ իշխանությունները, եւ իրենք եւս գնային հարգանքի տուրք մատուցելու նրանց: