ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ կրթության եւ գիտության նախարարին
ՀՀ գլխավոր դատախազ Աղավ Հովսեփյանը նամակ է գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին։
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման և իրականացման համար հիմք են ծառայել պետական կառավարման համակարգում սկիզբ առած հիմնախնդիրների վերլուծությունները:
Կոռուպցիայի դեմ տարվող պայքարն առավել կանոնակարգված իրականացնելու նպատակով, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից ընդունվել է հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների մասին ծրագիր, որում հատկապես կարևորվել է նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների մշակումը:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում լուրջ դերակատարում է տրված նաև քաղաքացիական հասարակությանը, որպեսզի նա ևս իր մասնակցությունը բերի կոռուպցիայի հաղթահարման գործում:
Նշանավորելով մեր իրականության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու նրա դերը այդ գործընթացում, նպատակահարմար եմ գտնում հանրակրթական միջնակարգ դպրոցների և մյուս կրթօջախների ու ԲՈւՀ-երի ուսումնական ծրագրերում ներառել նաև կոռուպցիային և նրա կանխարգելմանը վերաբերող դասաժամեր:
Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը Ձեր հավանությանը կարժանանա և ակնկալում եմ նախարարության աջակցությունը»։
Հիշեցնենք, որ Լեւոն Մկրտչյանը հեռանում է այս պաշտոնից, նրան փոխարինելու է մեկ այլ դաշնակցական՝ Սպարտակ Սեյրանյանը, այնպես որ չի բացառվում, որ գլխավոր դատախազի առաջարկը կյանքի չկոչվի։
