ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եւս մեկ փոփոխություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայկ Հարությունյանին` երկարատեւ եւ բարեխիղճ աշխատանքի համար «Բոլորդ հասկանում եք, որ որեւէ պաշտոն, որեւէ պետական ծառայություն հավեժ չէ, եւ փոփոխություններն անհրաժեշտ են»:
Ըստ նախագահի, նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ութը տարի առաջ համակարգից տեղափոխվել է այլ աշխատանքի, եւ այդ աշխատանքում իրեն դրսեւորել է որպես լավ կազմակերպիչ, մարդ, ով կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները:
Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նոր ոստիկանապետը կկարողանա միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, ոստիկանությունում աշխատողները լինեն սոցիալապես ավելի ապահով, եւ ոստիկաններն ու ոստիկանությունն ամբողջապես կարողանան կատարել իրենց առաքելությունը: Երկրի ղեկավարը ոստիկանության բարձրագույն կազմին կոչ է արել նոր տեսանկյունից նայել իրենց պարտականություններին եւ նոր թափով ձեռնամուխ լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին` իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար եւ ասել, որ քաջ գիտակցում է իրեն վստահված գործի կարեւորությունը, ծանրությունն ու ահռելի պատասխանատվությունը: Նա խոստացել է գործընկերների հետ միասին ջանք ու եռանդ չխնայել հասարակական կարգի ամրապնդման, հանցավորության եւ նրա տարբեր դրսեւորումների դեմ նպատակաուղղված ու անզիջում պայքար ծավալելու ուղղությամբ: Նա ասել է, որ անելու է ամեն ինչ` յուրաքանչյուր ոստիկանի մարդկային արժանապատվությունն ու պրոֆեսիոնալ հեղինակությունը բարձր պահելու, ոստիկանական համակարգի աշխատակիցների իրավական եւ սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելու համար: Նորանշանակ ոստիկանապետն իր գերխնդիրն է համարել ոստիկանության անբասիր աշխատանքի արդյունքում նրա նկատմամբ մեր հասարակության, մեր ժողովրդի վստահության ու հավատի բարձրացումն ու ամրապնդումը:
