Մոնիտորինգը չի կայացել

Հայ - ադրբեջանական սահմանային գոտու Տավուշի մարզի հատվածում այսօր նախատեսված հրադադարի ռեժիմի մոնիտորինգը չի կայացել։ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է մոնիտորինգի անցկացումից` անհայտ պատճառներով:

Մոնիտորինգը սկզբնապես նախատեսված էր Տավուշի Չինարի գյուղի հատվածում` հայկական կողմի խնդրանքով, սակայն ադրբեջանցիները համաձայնել էին մոնիտորինգի անցկացմանը միայն Բերքաբեր գյուղի հատվածում: Այդուհանդերձ, մոնիտորինգը չկայացավ նաեւ Բերքաբերի շփման գծում:

Չինարի գյուղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայեցին, որ վերջին օրերին շատացել են կրակոցները, գրեթե ամեն օր կրակոցներ են լսվում ադրբեջանական կողմից, նույնիսկ մայիսի 24-ին` Վերջին զանգի օրը, վիրավորվել է գյուղի դպրոցի տնօրենը: Գյուղացիների հավաստմամբ` վտանգը չափազանց մեծ է, եւ երեխաները նույնիսկ դպրոց եւ մանկապարտեզ են գնում վախով ու դժվարությամբ, քանի որ ամեն վայրկյան սպասելի են կրակոցներ:

Այդ իսկ պատճառով, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք պետք է մասնակցեին այսօրվա մոնիտորինգին, չկարողացան բարձրանալ համապատասխան հատվածը` գոնե դիտելու համար այն դիրքերը, որտեղից ադրբեջանցիները կրակում են հայկական կողմի վրա։