ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ է եւ շարունակելու է պայքարել
Այսօր առավոտյան 1.5 տարի ազատազրկում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել Հայ կամավորականների համախմբում, ի պաշտպանություն ազատագրված տարածքների հասարակական նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Նրան դիմավորել են ընկերները, բարեկամները եւ մի քանի լրագրող։
Ժիրայր Սեֆիլյանը ազատազրկվել էր ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքով, սակայն նա եւ նրա համախոհները պնդում էին, որ իրականում Ժիրայր Սեֆիլյանը հետապնդվում է քաղաքական հայացքների եւ հասարակական ակտիվության համար։
Հենց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնակի մոտ հավաքվածներին Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ շնորհակալ է բոլորից, նաեւ լրագրողներից, որ իր խոսքերը հասցրել են ժողովրդին եւ հույս է հայտնել, որ շուտով ազատության մեջ կլինեն իր ընկերներ Վարդան Մալխասյանը եւ Վահան Արոյանը։
«Ես զբաղվելու եմ նրանով, ինչով զբաղվում էի մինչեւ ազատազրկումը, ձգտում եմ երկիրը ազատել անարժաններից», հայտարարել է Սեֆիլյանը եւ հավելել, որ իր նպատակներից մեկն էլ երկրում արդարության վերականգնումն է։ Ժիրայր Սեֆիլյանը ծիծաղելի է գնահատել իրեն ՀՀ քաղաքացիություն չտալը։
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ հաղթանակի մեծ մասը արդեն նվաճված է, մնացել է մի փոքր մաս. «Կարծում եմ, որ մեր պայքարը տվել է իր արդյունքը` իշխանափոխությունը մեծ մասամբ կատարված է: Կարծում եմ նաեւ, որ հունիսի 20-ի հանրահավաքը կունենա իր վճռական դերակատարությունը։ Ես չեմ կարծում, որ հունիսի 20-ով խնդիրը կլուծվի: Պայքարը կարող է 2 օր տեւել, կարող է 20 շաբաթ կամ 10 ամիս տեւել: Միեւնույն է` մենք շարունակելու ենք պայքարը: Հրեշը եկել է ու նստել մեր երկրի զարգացման աղբյուրի վրա: Մենք պետք է հեռացնենք այդ հրեշին»։
Ազատության մեջ հայտնվելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը այցելել է Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ քաղբանտարկյալների ազատելու պահանջով հացադուլ հայտարարած ազատամարտիկներին։ Հացադուլավորները նրան են նվիրել ՀՀ քաղաքացու խորհրդանշական անձնագիր։
