ՀՀ գլխավոր դատախազը այցելել է «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հունիսի 11-ին այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ ընդունել Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին:

Ընդունելության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի հարցումներին ի պատասխան, կալանավորները հայտնել են, որ որեւէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, դժգոհություններ չեն ներկայացրել նաեւ իրենց առողջական վիճակի հետ կապված: Նրանցից ոմանք առանձին հարցեր են շոշափել՝ կապված իրենց առաջադրված մեղադրանքների ծավալի հետ»։