ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաժողովրդական շարժումը չի մասնակցի
Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը, երեկ հայտարարել է, որ իրենց ներկայացուցիչը չի ընդգրկվի Ազգային ժողովում կազմավորվելիք` մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի կազմում. «ապագա հանձնաժողովը, որտեղ կոալիցիոն ուժերը ունենալու են 8, իսկ ընդդիմությունը` ընդամենը 2 ձայնի իրավունք, չի կարող վստահություն վայելել»:
Զուրաբյանը ասել է նաեւ, որ իրենք համաձայն կլինեն միայն այն դեպքում, երբ ընդդիմությունն ունենա հավասար իրավունքներ. «Նման հանձնաժողովի ստեղծման ամբողջ իմաստն այն էր, որ այդ հանձնաժողովը պետք է վստահություն ներշնչեր: Այսինքն` դա պետք է լիներ անկախ մարմին, որը ենթակա չլիներ իշխանությունների ճնշումներին: Փաստորեն ստեղծում են մի հանձնաժողով, որում մեծամասնությունը կազմելու են այն կուսակցությունները, որոնք բարոյական պատասխանատվություն են կրում մարտի 1-ի սպանդի համար: Մենք պատրաստ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը` հետեւյալ սկզբունքով, որ այդ հանձնաժողովում հավասար չափով ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները, եւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է ունենան քվեարկության հավասար իրավունքներ: Ահա սա է, որ իշխանությունները չեն ուզում անել: Ուստի մենք այս հանձնաժողովը գնահատում ենք որպես ուղղակի իմիտացիոն պրոցես, որը զբաղվելու է ավելի շատ պարտակմամբ մարտի 1-ի դեպքերի, քան դրանց բացահայտմամբ»:
«Արդեն հանձնաժողովի ստեղծման սկզբունքները ցույց են տալիս, որ այս հանձնաժողովը ստեղծվում է ավելի շատ պարտակելու սկզբունքով, քան ճշմարտությունը բացահայտելու համար։ Համաժողովրդական շարժումը իր սեփական հետաքննությունն արդեն սկսել է, որոշակի փաստեր հավաքվել են, եւ պատրաստ են այդ տեղեկատվությունը տրամադրել ստեղծվելիք հանձնաժողովին` եթե իրենց առաջարկած սկզբունքները ընդունվեն», ասել է Զուրաբյանը:
