Աղվան Հովսեփյանը պարզաբանել է

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, կողմերը քննարկել են Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ սույն քրեական գործի շրջանակներում ներգրավված մեղադրյալներից ի սկզբանե որպես խափանման միջոց՝ կալանավորում է կիրառվել 115 անձի նկատմամբ, իսկ ներկայումս նախնական կայանքի տակ է գտնվում 17 մեղադրյալ եւ դատարան է ուղարկվել 78 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ: Հունիսի 16-ի դրությամբ՝ դատապարտվել է 35 անձ, որոնցից 14-ը՝ 1-ից 5 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 21-ի նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, 3 անձ արդարացվել է:

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ 64 մեղադրյալ ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ:
Անդրադառնալով անկարգությունների ժամանակ մասնավորապես ոստիկանության ուժերի կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով գրանցված մարդկային զոհերի հանգամանքների պարզաբանմանը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն հստակեցվել է հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, հարցաքննվել է 200-ից ավելի ոստիկան, նրանց թվում նաեւ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե կոնկրետ ում կողմից գործադրված հատուկ միջոցն է դարձել մարդկային զոհի պատճառ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ պատգամավորներին առաջադրված մեղադրանքներին։