ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԿ–ները եւս հանձնաժողով կստեղծեն
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Երևանի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումանսիրելու քաղաքացիական հանձնաժողով ստեղծելու առաջարկով։
Հանձնաժողովի նախաձեռնողների խմբում, մասնավորապես, ընդգրկված են Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակը, «Միջնաբերդ» հասարակական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլը»։
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարումը ոչ միայն Հայաստանի պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության խնդիրն է։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը մտադիր է մարտի սկզբի իրադարձությունների և հետագա գործընթացների մասին միասնական տեղեկատվական բազա ստեղծել»,- երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով, նախօրեին ձևավորված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն ուսումնասիրել մարտյան իրադարձությունները։
«Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մարդիկ, որոնց լուռ համաձայնությամբ տեղի ունեցան մարտյան իրադարձությունները, կամ էլ նրանք գործուն մասնակցություն են ունեցել այդ իրադարձություններին»,- կարծում է նա։
