ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աղվան Հովսեփյանը հրաժարական չի տա
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող տեղեկություններն անհարկի, մտացածին խոսակցություններ են: Ա.Հովսեփյանը 2007 թվականի աշնանը ստացել է բարձրագույն օրենսդիր մարմնի վստահության քվեն (նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 118 պատգամավոր) եւ շարունակելու է պաշտոնավարել, իրականացնել Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի «ակնհայտ է, որ քրեական տարրերին ձեռնտու չէ ներկայումս իրականացվող՝ օրենքից բխող քրեաիրավական գործընթացները, ինչը նպաստում է բազմաթիվ հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդման իրականացմանը: Դատախազությունը կայացած կառույց է եւ այն կազմաքանդելուն ուղղված քայլերը դատապարտված են անհաջողության: Դատախազության համակարգը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացմամբ նպաստել մեր երկրում սահմանադրական կարգի պահպանությանն ու օրինականության ամրապնդմանը»:
