ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը զավթել է 5 միլիարդի ունեցվածք
Այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանը լքած 87 հազար հայ-փախստական, հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը։
«Կես միլիոն ազգությամբ հայեր հեռացել են Ադրբեջանից, իսկ նրանցից 360 հազարը՝ որպես բնակության վայր, ընտրել է Հայաստանը։ Բնակություն հաստատելու առաջին իսկ օրվանից պետությունը ջանացել է աջակցել այդ մարդկանց»,- ուրբաթ ասաց Եգանյանը՝ Փախստականների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի առաքելության, Փախստականների նորվեգական խորհրդի և այլ կազմակերպությունների ծրագրերով՝ Հայաստանում 5,2 հազար տուն և քոթեջ է կառուցվել։
Բացի այդ, Եգանյանը տեղեկացրեց, որ 2004 թ.-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ծրագիր, որով խնդիր է դրվել լուծել 3370 առավել կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը՝ հիմնականում բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու միջոցով։
Ծրագիրն իրականացվում էր Հայաստանի մարզերում, այն իրականացնելու համար բյուջեից 3,1 միլիոն դրամ (10,2 մլն ԱՄՆ դոլար) էր հատկացվել։ Արդյունքում վկայագիր է ստացել 1041 ընտանիք, որոնցից 774-ը կարողացել են դրանց միջոցով բնակարան ձեռք բերել։
Բացի այդ, Եգանյանը հայտնեց, որ այլ ծրագրեր նույնպես նախատեսված են, մասնավորապես, փախստականների փաստաթղթերից արխիվի և դրանց հիման վրա՝ տեղեկատվական բազայի ստեղծում։
Նա հայտնեց նաև, որ 2008 թ.-ին տվյալ ծրագիրը կիրականացվի նաև Երևանում, որին խնամառու կդառնա շուրջ 1,1 հազար ընտանիք։
Եգանյանը տեղեկացրել է նաեւ, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի զավթված ունեցվածքի ընդհանուր արժեքը 5 միլիարդ դոլար է: Հայերը փորձում են հարցի լուծմանը հասնել մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բայց դա երկարատեւ եւ աշխատատար գործընթաց է: Ըստ Գագիկ Եգանյանի, Հայաստանի աջակցությամբ այժմ ՄԻԵԴ-ում արդեն երկու դիմում կա եւ եթե այս դիմումատուները դրական պատասխան ստանան, եւս 93 000 նման դիմում կլինի:
