Չենք կատարում

«ՄԱԿ-ի Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի արդյունավետ իրականացումը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասել է, որ Հայաստանը չի սկսել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի դրույթների իրագործումը։ «Հայաստանը մի քիչ ուշացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային միանալու որոշումը։ Մենք ստորագրել ենք կոնվենցիան 2006 թ.-ին, որից հետո՝ 2007 թ.-ին նախատեսվում էր դրա իրագործման ազգային մեխանիզմի մշակումը։ Այսօրվա դրությամբ կոնվենցիայի դրույթների իրագործման ողջ գործընթացը քննարկման փուլում է», -

հայտարարել է Իշխանյանը։

Նրա խոսքերով, 2006 թ.-ին անցկացվել են բազմաթիվ քննարկումներ՝ ազգային մեխանիզմի օպտիմալ տարբերակը գտնելու ուղղությամբ, սակայն Ազգային ժողովը հաշվի չի առել կոնվենցիայի իրագործման գործընթացում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին ներկայացված առաջարկությունները և կոնվենցիայի իրագործումը վերահսկող գործառույթը վերապահել է մարդու իրավունքների պաշտպանին։

Միաժամանակ Իշխանյանն նկատել է, որ շատ երկրներում բոլոր լիազորությունները վերապահված են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, սակայն դրան զուգահեռ կիրառվում են նաև բազմաթիվ մոդելներ, օրինակ, այդ գործունեության մեջ հասարակական կազմակերպությունների ներգրավումը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Սիլվիա Պոգոլշան իր հերթին նաև նշեց նման քննարկումների անցկացման կարևորությունը. «Կոնվենցիայի դրույթների չիրագործումը մարդու իրավունքների լուրջ խախտում է։ Կարեւոր է կոնվենցիայի դրույթների իրագործման ազգային մեխանիզմների լիազորությունների ընդլայնումը։ Այս գործընթացին անհրաժեշտ է նաև ներգրավել հասարակական կազմակերպություններին, չէ՞ որ նրանք անմիջականորեն աշխատում են զոհերի հետ»։