ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում արտոնել են
Այսօր Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Արման Մուսինյանը հայտարարել է, որ հունիսի 28-ին համաժողովրդական շարժման կենտրոնը հանրահավաք է անցկացնելու Գյումրիում։ Հանրահավաքը արդեն արտոնվել է, իսկ համաժողովրդական շարժումը անհրաժեշտ է համարում քաղաքական պայքարը տարածել նաեւ մարզերում: Դեռ պարզ չէ, Լեւոն Տեր–Պետրոսյանը մասնակցելու է Գյումրի հանրահավաքին, թե ոչ։
Ըստ բանախոսի, համաժողովրդական շարժման կենտրոնը հունիսի 20-ի հանրահավաքը համարում է փայլուն, ոստիկանության պահվածքը՝ խոհեմ. ոստիկանությունը ձեռնպահ մնաց սադրանքներից, ժողովուրդը փայլուն հաղթանակ տարավ, իսկ իշխանությունը, որ կարող էր արտոնելով հանրահավաքը նպաստել սեփական հեղինակության փոքր ինչ բարձրացմանը, իրականում փորձեց ոստիկանության միջոցով ահաբեկել ժողովրդին, եւ նաեւ դրանով վարկաբեկել ոստիկանությանը:
Ըստ Արման Մուսինյանի, հուլիսի 4-ին Երեւանում ամեն դեպքում հանրահավաքը կկայանա եւ ժողովուրդը կրկին կիրացնի իր սահմանադրական իրավունքը: Համաժողովրդական շարժման կենտրոնը ունի հստակ ռազմավարություն, որի մասին պարբերաբար տեղեկացնում է հանրությանը, սակայն որն ունի նաեւ անսպասելի պահեր, որոնք իշխանությունների համար անակնկալ են պարունակում։
