ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Transparency International Հայաստանի մասին
Transparency International միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակած «Աշխարհում կոռուպցիայի վերաբերյալ» զեկույցում Հայաստանի մասին գրում է «Չնայած ժողովրդավարական գործընթացների ապահովմանն ուղղված ջանքերին, Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին կոռուպցիոն երեւույթներով, որոնք ավելի կատարելագործված էին, քան դրան նախորդող ընտրություններում։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ձայների գնման երեւույթը Հայաստանում արմատավորվում է»:
Ըստ զեկույցի «Ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվել ընտրարշավից առաջ եւ հետո` առաջատար քաղաքական գործիչների կամ կուսակցությունների նկատմամբ լոյալ` այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների միջոցով անհատույց գյուղատնտեսական մթերքներ եւ հեռուստացույցներ բաժանելու, ինչպես նաեւ քաղաքացիներին իրենց քվեների դիմաց գումար վճարելու միջոցով։ Պետական ծառայողները պաշտոնական քարոզարշավին նախորդող շրջանում եւ քարոզարշավի ժամանակ ակտիվորեն քարոզում էին աշխատանքային ժամերին` խախտելով Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը: Տեղական իշխանությունները ակտիվորեն միջամտում էին ընտրական գործընթացներին: Թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար պատասխանատու այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ընտրական հանձնաժողովները, ոստիկանությունն ու դատախազությունը, չկարողացան արդյունավետ կատարել իրենց պարտականությունները: Չնայած ընտրացուցակների բարելավմանը, նախկինի պես բազմակի քվեարկության բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին: Հաղորդվել է, որ պաշտոնյաների սպանությունները կամ նրանց նկատմամբ մահափորձերը, ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնությունները, ընդդիմադիրների գրասենյակներում գաղտնալսումները եւ ընդդիմության առաջնորդների տների խուզարկությունները ընտրողների շրջանում վախի մթնոլորտ են ստեղծել։ Պետական կառույցների, ԶLՄ-ների եւ վարչական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը անարդար պայմաններ էր ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների համար»:
Transparency International-ը, որպես խորհրդարանական ընտրություններին խանգարած գործոններ, բերել է «գործընթացը կանոնակարգող իրավական դաշտում բացթողումները, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչների եւ նախագահի կողմից նշանակված անդամների կողմից ընտրական հանձնաժողովների վերահսկողությունը, ձայների հաշվարկի ժամանակ մեքենայությունները, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների արձանագրությունների անհամապատասխանությունը ավելի ուշ հայտարարված տվյալներին»:
ԶLՄ-ների մասով. «հեռարձակվող տեղական լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը նշանակալի ազդեցություն ունեցավ մի քանի կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական արշավի վրա։ Մինչեւ պաշտոնական քարոզարշավը որոշ ընդդիմադիր կուսակցություններ գրեթե զրկված էին եթերաժամից: Թեեւ հանրային հեռուստատեսությունը եւ պետության կողմից վերահսկվող այլ հեռարձակվող լրատվամիջոցները հավասարակշռված էին բուն ընտրարշավի ընթացքում, բայց դրանով, փաստացի, չհատուցվեց նախկինում հասցված վնասը»:
Զեկույցում Հայաստանում կոռուպցիայի ընկալման 2007 թվականի ցուցիչը 3 է: 188 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 99-րդ տեղը։
