Հայաստանցիները հակված են արտագաղթել

Gallup սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 23 տոկոսը պատրաստ է մեկնել երկրից։ Իսկ հետխորհրդային պետություններում իրավիճակն ունի հետևյալ տեսքը՝ Մոլդովայից պատրաստ է հեռանալ բնակիչների 34 տոկոսը, Ադրբեջանից՝ 28 տոկոսը, Վրաստանից՝ 26 տոկոսը, Ուկրանիայից՝ 25 տոկոսը, Լիտվայից՝ 22 տոկոսը, Ղրղստանից, Բելառուսից և Էստոնիայից՝ 20-ական տոկոսը, Լատվիայից՝ 19 տոկոսը, Ռուսաստանից՝ 13 տոկոսը, Տաջիկստանից՝ 12 տոկոսը։

Պոտենցիալ արտագաղթողների տոկոսը լրջորեն տատանվում է երկրից երկիր։ Նրանք ամենաշատը Աֆրիկայում են։ «Ճամպրուկային» տրամադրությունն առավել շատ առկա է Սիերա-Լեոնեում, որտեղ արտերկիր պատրաստ է տեղափոխվել հարցվածների 65 տոկոսը։ Նման որոշում յուրաքանչյուր պահի ի վիճակի են ընդունել Գայանայի (60 տոկոս), Կոնգոյի (59 տոկոս), Գանայի, Լիբերիայի և Նիգերիայի (58-ական տոկոս), Զիմբաբվեի (57 տոկոս), Դոմինիկյան Հանրապետության (56 տոկոս), Սենեգալի (55 տոկոս), Ուգանդայի, Մալավիայի և Սալվադորի (51-ական տոկոս) բնակիչների ավելի քան կեսը։

Մյուս բևեռում է գտնվում է Սաուդյան Արաբիան, որը կցանկանար լքել հարցվածների միայն մեկ տոկոսը։ Չափազանց քիչ պոտենցիալ արտագաղթողներ կան Ավստրալիայում, ՀԱՀ-ում և Թաիլանդում (8-ական տոկոս), Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Լաոսում (9-ական տոկոս)։ Ուշագրավ է, որ այս պետություններից մի քանիսը (օրինակ՝ Լաոսը) պատկանում են աշխարհի առավել «աղքատ» երկրների թվին։
Համեմատության համար՝ այժմ Իրանում բնակվում է պոտենցիալ արտագաղթողների 30 տոկոսը, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ 27-ական տոկոսը, Իսրայելում՝ 20 տոկոսը, Ֆրանսիայում՝ 18 տոկոսը, Ճապոնիայում՝ 12 տոկոսը։

Ավանդաբար համարվում է, որ ավելի հաճախ արտասահման են տեղափոխվում երիտասարդները, որոնք հետաքրքրված են իրենց կենսամակարդակի բարձրացմամբ։ Gallup-ի հարցումը հաստատեց այդ դիտարկման ճշտությունը, սակայն ավելացրեց, որ արտագաղթելու հնարավորությունը առավել հաճախ քննարկում են արտասահմանում ազգականներ ունեցող մարդիկ։

Ընդհանուր առմամբ Gallup-ի՝ աշխարհի 82 երկրներում անցկացրած հարցման համաձայն, այդ երկրների բնակիչների 26 տոկոսը պատրաստ է արտագաղթել, փաստորեն, Երկրագնդի բնակչության մեկ քառորդը դժգոհ է իր պետությունից։

Անցկացված հարցումների արդյունքում Gallup-ի մասնագետները մի շարք օրինաչափություններ են ի հայտ բերել` կապված մասնավոր տրասնֆերտների հետ: Նրանք հերքում են լայնորեն տարածված այն տեսակետը, թե արտերկրից հարազատներին ուղարկվող գումարները կրճատում են արտագաղթի ծավալները: «Իրականում մասնավոր տրանսֆերտները յուրատեսակ խթան են դարձել արտագաղթողների համար: Մարդիկ, արտերկրում բնակվող հարազատներից գումար ստանալով, աստիճանաբար հակվում են այն տեսակետին, թե բարեկեցիկ կյանքի հասնելու միակ ձեւը արտագաղթելն է», - ընդգծում են Gallup-ի փորձագետները:

ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով` աշխարհի բնակիչներից ավելի քան 200 միլիոնն ապրում է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է: Հարազատներին նրանց կատարած դրամական փոխանցումների տարեկան ծավալը կազմում է շուրջ 300 միլիարդ դոլար։