Համաժողովրդական շարժման հայտարարությունը

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ս.թ. հունիսի 24-ին ԵԽԽՎ ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով 1614 բանաձեւի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող դրույթները:

Զանց առնելով ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այս անգամ արդեն ԵԽ խորհրդարանական վեհաժողովն է հաստատել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ս.թ. մարտի 14-ի բանաձեւի ադրբեջանանպաստ դրույթները, որոնցով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսվում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններում» եւ պահանջվում է հայկական ուժերի դուրսբերումը «գրավյալ» տարածքներից: Առավել անհասկանալի է բանաձեւի այն կետը, որը Ադրբեջանի կայուն ժողովրդավարական զարգացումը պայմանավորում է տարածքային ամբողջականության վերականգնումով: Ըստ էության` փաստաթղթի այդ դրույթը լրացուցիչ մի հարված է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին եւ Հայաստանի վրա գործադրվելիք նոր ճնշումների միջոց:

Այս ամենը Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի անհեռատես ու կարճամիտ տասնամյա արտաքին քաղաքականության սպասելի ու ժամանակին կանխատեսված արդյունքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի սառեցման անհեռանկար քաղաքականությունը, կարեւորագույն այդ խնդիրը միայն որպես իշխանության պահպանման միջոց օգտագործելը, կեղծված ընտրությունների հետեւանքով լեգիտիմության մշտական պակասը, երկրի ներսում ժողովրդավարական ինստիտուտների ավերումը եւ բռնատիրության հաստատումը հասցրեցին ռեժիմի միջազգային վարկանիշի նախադեպը չունեցող անկման: Դրա հետեւանքով այսօր հարցականի տակ է դրված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդար, ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա փոխզիջումային խաղաղ կարգավորման հեռանկարը: Քոչարյանասերժական վարչախմբի օրոք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տարբեր ատյանների կողմից ընդունված փաստաթղթերը լրացուցիչ ու սթափեցնող վկայություն են այն բանի, որ այս վարչախմբի գոյության ամեն լրացուցիչ օրը հղի է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պետականության համար անշրջելի կորուստների վտանգով: