Ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով

Կենտրոնական զինվորական հոսպիտալի Քիթ-կոկորդ բաժանմունքի պետ, մայոր Ստեփան Հովհաննեսի Գևորգյանը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով, հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

«Ստեփան Գևորգյանը ձերբակալվել է հունիսի 28-ին` 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին՝ ՀՀ ԱԱԾ Ռազմական հակահետախուզության և ՀՀ Պաշտպանության նախարարի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»,-ասված է մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Քննության տվյալներով, նշված գումարը Գևորգյանը շորթում էր քաղաքացիներից մեկից զինվորական հոսպիտալում բուժման կուրս անցնող նրա զինծառայող որդուն ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 311 հոդվածով: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը։