Դատավարությունը հետաձգվեց մինչեւ հոկտեմբեր

Երեկ Ստամբուլում վերսկսվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող 19 անձի դատավարությունը, եւ հետաձգվել մինչեւ հոկտեմբերի 13-ը: Դատական նիստն առաջին անգամ բաց էր: Բոլոր նախորդ նիստերը դռնփակ էին, որովհետեւ սպանությունն իրականացրած Օգյուն Սալմաստը անչափահաս էր, անցած ամիս նա դարձավ 18 տարեկան:

Գործը վարող դատավորը նիստի ժամանակ ասել է, թե Էրհան Թունջելը, ով մեկ այլ ամբաստանյալի հետ մեղադրվում է սպանությունը կազմակերպելու մեջ, նախօրոք հայտնել է ոստիկանությանը սպանության նախապատրաստման մասին:

Այս առթիվ «Ասոշիեյթեդ փրեսը» փաստում է, թե պարզ չէ՝ ինչո՞ւ է մեղադրյալը տեղեկացրել ոստիկանությանը իր իսկ կողմից նախապատրաստվող հանցագործության մասին: Նույն գործակալության վկայությամբ՝ իրավապաշտպանները համոզված են, որ ոստիկանությունը տեղյակ է եղել նախապատրաստվող սպանության մասին, բայց ոչինչ չի արել հանցագործությունը կանխելու համար։