Տեր–Պետրոսյանին առաջարկում են պարզաբանումներ տալ

Հուլիսի 8-ին տեղի Է ունեցել մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստ, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ Սամվել Նկոյանը տեղեկացրել է, որ որոշվել է մարտի 1-2ի իրադարձությունների ուսումնասիրությունը երկու մասի տարանջատել. մարտի 1- առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններ եւ դրանց հաջորդող իրադարձություններ:

Հանձնաժողովը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանձնաժողովի մի շարք հարցադրումներին պատասխանելու առաջարկով:

Մասնավորաբար «Ի՞նչ գործողություններ է կատարել ոստիկանությունը մարտի 1-ի առավոտյան, ի՞նչ հիմնավորմամբ, թվաքանակի անձնակազմով, ոստիկանության ո՞ր ստորաբաժանումների կողմից ու միջոցով, ինչպիսի՞ սպառազինությամբ, գործողությունների կատարման նկարագրությունը, ինչպիսի՞ իրավական փաստաթուղթ է կազմվել, ի՞նչ տեխնիկական ու հատուկ միջոցներ են կիրառվել, ո՞վ է ղեկավարել գործողությունը, ի՞նչ արձագանք է ստացվել ցուցարարենրի կողմից և ինչպիսի դրսևորումներով, բռնություններ գործադրվե՞լ են նրանց նկատմամբ, ինչիսիք և ինչ միջոցներով, դրանց իրավաչափությունն ու համաչափությունը, գործողությունների հետևանքով տուժածներ եղե՞լ են, նրանց բժշկական օգնություն տրամադրվե՞լ է, ովքե՞ր են տուժածները, տրամադրել տեսագրությունն ու այդ փաստաթղթերը, որոնք կան նրանց ձեռքի տակ»:

Մեկ այլ նամակ էլ ուղարկվել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ուր հաշվի առնելով, որ Ազատության հրապարակում այդ պահին տեղի էր ունեցել իր կողմնակիցների հավաքը եւ ինքը ականատես է իրադարձություններին, ինչպես նաեւ` կարեւորելով ուսումնասիրվող հարցի վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ունենալու խնդիրը, ակնկալվում են նրա գրավոր պատասխանները մի շարք հարցադրումների վերաբերյալ:

Մասնավորաբար. «Ազատության հրապարակում Ձեր կողմնակիցների շուրջ 10 օր տևած հանրահավաքների օրինականության վերաբերյալ ոստիկանության կողմից տեղեկացվե՞լ է արդյոք հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին,
–Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից առաջ ոստիականությունը տեղեկացրե՞լ է Ձեզ կամ հանրահավաքի այլ կազմակերպիչներին, ոստիկանների ժամանման նպատակների մասին,
-Այդ պահին Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների մոտավոր թվաքանակը,
-Այդ պահին հրապարակ ժամանած ոստիկանների մոտավոր թվաքանակը և սպառազինության տեսակները,
-Ինչպիսի՞ գործողություններ են իրականացրել ոստիկանության աշխատակիցները և ինչիսի՞ն է եղել ցուցարարների պատասխանն այդ գործողություններին,
-Այդ ընթացքում ինչպիսի՞ն է եղել ոստիկանների վերաբերմունքը Ձեր նկատմամբ,
-Ոստիկանական գործողությունների ընթացքում ինչպիսի՞ն են եղել Ձեր կողմնակիցներին ուղղված Ձեր, ինչպես նաև հանրահավաքի այլ կազմակերպիչների կոչերը»:

Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը մանրամասներ ներկայացրել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության արդյունքները, որտեղ աշխատանքային խմբի մյուս անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Արամ Հարությունյանի հետ հանդիպել են Տիգրան Մելքոնյանի եւ Լեւոն Խաչատրյանի հետ: Լսելով մեղադրյալներին եւ ծանոթանալով դատավճռին` պարոն Արսենյանի համոզմամբ առկա են տրամաբանական որոշակի հակասություններ, առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չկան: Այժմ գործը Վերաքննիչ դատարանում է: Քննարկելով հարցը` հանձնաժողովը որոշեց ծանոթանալ նյութերին, անհրաժեշտության դեպքում լսել մեղադրող կողմին եւ մինչեւ դատական նիստը փոխանցել իրենց մտահոգությունները Վերաքննիչ դատարան:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին։