«Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Wall Street Journal-ի երեկվա համարում հրապարակել է [url=http://peacebuilding.am/arm/pages.php?page=panorama&id=699 target=_blank]«Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ»[/url] վերնագրով հոդված:

«Եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը` դուրս գալու համար մի փակուղուց, որը որեւէ մեկին չի օգնում, սակայն վնասում է շատերին։ Որպես Հայաստանի նախագահ, ես օգտվում եմ նոր սկիզբ` Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ առաջարկելու հնարավորությունից` հարաբերությունները բարելավելու եւ մեր ընդհանուր սահմանը բացելու նպատակով։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը իրական այլընտրանք չունի։ Նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը մեզ հնարավորություն կընձեռի հանձնաժողով ստեղծել, որը համակողմանիորեն կուսումնասիրի Հայաստանին եւ Թուրքիային վերաբերող բոլոր հարցերը:

Միայն կարգավորված հարաբերություններով մենք կարող ենք արդյունավետ երկխոսություն վարել` անդրադառնալով նույնիսկ ամենավիճահարույց պատմական խնդիրներին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը խոչընդոտում է ոչ միայն հայերին ու թուրքերին, այլեւ արեւելքից արեւմուտք տանող առեւտրական, տրանսպորտային ու էներգետիկ հոսանքներին։ Ռազմավարական այնպիսի ծրագրեր, ինչպիսին են Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարն ու Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին, շրջանցում են Հայաստանը, մինչդեռ Հայաստանն ու Թուրքիան անմիջականորեն միմյանց կապող երկաթգիծը շարունակում է փակ մնալ: Տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես նաեւ ավելի ընդարձակ եվրոպական հանրությունը բարձր գին են վճարում առեւտրի, զարգացման ու միջազգային համագործակցության առջեւ կանգնած այս արհեստական խոչընդոտների համար: Հուսով եմ, որ մեր երկու երկրների կառավարությունները կկարողանան անցնել այս նոր, բաց դռան շեմից։ Ինչպես Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում սեղանի թենիսի հանդեպ իրենց խանդավառությունը, մինչեւ կառավարությունները լիովին կբարելավեին երկու երկրների հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներն են նման ֆուտբոլի նկատմամբ իրենց սիրով:

Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, կան էական մշակութային, մարդասիրական ու մարզական կապեր, որոնք մեր ժողովուրդները կիսում են` նույնիսկ փակ սահմանի պայմաններում։ Այդ պատճառով ես անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի շարքային քաղաքացիները կողջունեն այս քայլն ու այն օրը, երբ մեր սահմանները կբացվեն: Երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ճանապարհին երկու կողմից էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ։ Այդուամենայնիվ, մենք պետք է քաջություն եւ հեռատեսություն ունենանք` քայլեր ձեռնարկելու համար: Հայաստանն ու Թուրքիան կարիքը չունեն եւ չպետք է մշտական հակառակորդներ լինեն։ Հայաստանի եւ Թուրքիայի համար առավել բարգավաճ, երկկողմանի շահավետ ապագան, ինչպես նաեւ Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական արեւելք-արեւմուտք միջանցքի բացումը նպատակներ են, որ մենք կարող ենք եւ պետք է իրագործենք», գրում է Սերժ Սարգսյանը։