Սադրա՞նք Հյուսիսային պողոտայում

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը սադրանք է համարում ուրբաթ երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ «Միասին» երիտասարդական շարժումը Հյուսիսային պողոտայում (որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նստացույց են անցկացնում) փորձել է անցկացնել «Բամբիռ» ռոք-խմբի համերգը, որի ընթացքում անցորդներին անվճար բաժանվել է գարեջուր:

Սա հարուցել էր ցուցարարների զայրույթը: Ոստիկանները անմիջապես պատնեշով շարվել են ցուցարարների եւ երաժիշտների միջեւ` պնդելով, թե «գարեջուր չի բաժանվել, իսկ երաժիշտներն ու նրանց ունկնդիրները իրավունք ունեն կազմակերպել իրենց հանգիստը:

«Այսօր, այսպես կոչված` համերգի ընթացքում սկսեցին ձրի անցորդներին, Հյուսիսային պողոտայում գտնվողներին բաժանել գարեջուր: Երբ ոստիկաններից պահանջեցի, որպեսզի դադարեցնեն դա, նրանք սկսեցին հերքել` որ այդպիսի փաստ չկա, եւ ես իրեղեն ապացույցը մատուցեցի նրանց: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ոստիկանությունը իր գործողություններով պաշտպանում է եւ սատարում է հրահրիչներին եւ պրովոկատորներին: Ես սադրանք եմ համարում ոչ թե համերգը, այլ այն, որ այստեղ ձրի բաժանվում էր գարեջուր:

Համաժողովրդական շարժման կենտրոնը ուրբաթ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ անդրադարձել է միջադեպին. - «Մենք համոզված ենք մեր համախոհների օրինապահության եւ կարգապահության վրա եւ կոչ ենք անում գործող իշխանությանը` հրաժարվել պետությունը հեղինակազրկող ստոր եւ ցածրորակ միջոցներից եւ ընտրել ընդդիմության դեմ պայքարի քաղաքակիրթ ձեւեր»: