ՀՀ Օմբուդսմենը պարզաբանումներ է ուզում

Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակներ է հղել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին եւ Վայոց ձորի մարզի դատախազին, փորձելով պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտնի շրջաբերականի հանգամանքները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին Արմեն Հարությունյանը գրում է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Սույն թվականի հունիսի 27-ի հանրահավաքի ժամանակ, ինչպես նաև հուլիսի 1-ին և 2-ին մամուլում տեղեկություններ էին հրապարակվել 2008թ. մարտի 5-ին Ձեր կողմից տրված քննչական հանձնարարության վերաբերյալ, ապա տարածվել էր նաև դրա բուն տեքստը:

Նկատի ունենալով քննչական հանձնարարականի իրականացման ընթացքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոչ իրավաչափ սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաև հարցի բացառիկ հասարակական նշանակությունը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, 2008թ. հուլիսի 8-ին սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի կարգով տրված քննչական հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը:

Հարցի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պարզաբանել, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից տրվել են արդյոք նմանատիպ հանձնարարություններ նաև Հանրապետության այլ մարզերում:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 2-րդ կետով` առաջարկում եմ 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճեները:

Իսկ ՀՀ Վայոց Ձորի մարզի դատախազին Արմեն Հարությունյանը գրում է.

«Հարգելի պարոն Պալյան,

Սույն թվականի հունիսի 27-ի հանրահավաքի ժամանակ, ինչպես նաև հուլիսի 1-ին և 2-ին մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից 2008թ. մարտի 5-ին Ձեզ տրված քննչական հանձնարարության վերաբերյալ, ապա տարածվել էր նաև դրա բուն տեքստը:

Նկատի ունենալով քննչական հանձնարարականի իրականացման ընթացքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոչ իրավաչափ սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաև հարցի բացառիկ հասարակական նշանակությունը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, 2008թ. հուլիսի 8-ին սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի կարգով տրված քննչական հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 3-րդ կետով` խնդրում եմ 10-օրյա ժամկետում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել, թե ինչպիսի գործողություններ են Ձեր կողմից իրականացվել ի կատարումն այդ քննչական հանձնարարության»։