Դատախազությունը դեռ չեզոք վկաներ է փնտրում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ խոսել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին, կալանավորված անձանց դատավարական իրավունքներին, մարզերում անհրաժեշտ քննչական գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատախազներին ուղարկված գրություններին վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազը նախ ասել է, որ նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում օբյեկտիվ իրականությունը բացահայտելու, արձանագրված 10 մահվան դեպքերի իրական հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ նշել, որ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված բոլոր անձանց առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Ավելի քան 90 անձանց վերաբերյալ քրեական գործերն արդեն ուղարկվել են դատարաններ, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու, գողություններ ու կողոպուտներ կատարելու, ավտոմեքենաներ ջարդելու եւ հրկիզելու համար:

Ա.Հովսեփյանը փաստել է, որ նախաքննական մարմնի առջեւ դրված հիմնական խնդիրներից է արձանագրված 10 մահվան դեպքերի լիարժեք բացահայտումը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հատուկ միջոցների այն տեսակները, որոնց գործադրման հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից 3 քաղաքացի մահացել է, օգտագործել է 4 ոստիկան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, սակայն կան որոշակի դժվարություններ նույնացումը կատարելու հարցում եւ ՀՀ գլխավոր դատախազը խնդրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ հնարավորության դեպքում աջակցել նախաքննությանը եւ տրամադրել փորձագետներ մասնավորապես տվյալ հարցի պարզաբանման նպատակով նշանակված դատաձգաբանական փորձաքննություններին մասնակցելու համար: Միաժամանակ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ նյութերն ուղարկել նաեւ հանձնակատարի կողմից մատնանշված արտերկրում գործող փորձագիտական որեւէ կենտրոն՝ փորձաքննության: Զուգահեռ քննություն է տարվում նաեւ հստակեցնելու, թե այդ 4 ոստիկանները դեպքի օրը կոնկրետ որ տարածքում են իրականացրել իրենց ծառայությունը՝ կոնկրետ ժամին, քանի որ քաղաքացիներին պատճառված կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքների ժամանակագրությունը արդեն ճշտվել է եւ ոստիկանների տեղաբաշխման հարցի պարզաբանումը հնարավորություն կտա գնահատական տալ նրանցից յուրաքանչյուրի գործողությունների օրինականությանն ու համաչափությանը:

Տեղի ունեցած իրադարձությունների օբյեկտիվ իրականությունը լիարժեք բացահայտելու համար՝ ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել նաեւ չեզոք վկաների հայտնաբերումը՝ արձանագրելով, որ ե՛ւ ոստիկանները, ե՛ւ անկարգությունների մասնակիցներն ունեն որոշակի շահագրգռվածություն, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում նախաքննական մարմնի համար: Առավել եւս, երբ անկարգությունների ժամանակ այդ թվում հրազենային մարմնական վնասվածքներ ստացած անձինք խուսափում են տալ ճիշտ ցուցմունքներ եւ պատմել, թե ինչ պայմաններում են ստացել մարմնական վնասվածքները: Ցուցմունքներ չեն տալիս նաեւ կալանավորված պատգամավորները, ինչի պատճառով էլ նրանց հետ քննչական գործողություններ չեն կատարվում: «Ճիշտ է, ցուցմունքներ չտալը մեղադրյալների իրավունքն է, բայց տվյալ պարագայում նաեւ անհարկի է շահարկվում է այն հարցը, թե ինչու նրանց հետ քննչական գործողություններ չեն կատարվում»,- պարզաբանել է գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ հսկողություն իրականացնող դատախազների ցուցումների հիման վրա նախաքննության փուլում 2 տասնյակից ավել անձանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ որ նախաքննության առջեւ խնդիր է դրվել ապահովել օրենքի պահանջը եւ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել ինչպես անձանց առաջադրված մեղադրանքը հիմնավորող, այնպես էլ մեղմացնող եւ արդարացնող ապացույցները հայտնաբերելու ուղղությամբ: Ներկայումս նախնական կալանքի տակ են գտնվում 17 մեղադրյալ, որոնցից 2-ը կալանավորվել են վերջերս: «Որեւէ անձի վերաբերյալ քրեական գործ դատարան չի ուղարկվելու, եթե նախաքննությամբ չհիմնավորվեն նրա կողմից քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու հանգամանքը»,- երաշխավորել է Ա.Հովսեփյանը եւ նշել, որ եւս 2 անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից դատախազները հրաժարվել են դատարանի դահլիճում՝ գտնելով, որ դատաքննության ընթացքում մեղադրանքը չի հիմնավորվել:

Թ.Համմարբերգը, կարեւորելով վստահության մթնոլորտի ձեւավորումը, նկատել է, որ հասարակության մեջ առկա սուր բեւեռացումը որոշակի դժվարություններ է հարուցում նաեւ նախաքննության համար՝ քննչական մարմնի գործողությունների օբյեկտիվության նկատմամբ ձեւավորելով կասկածի որոշակի մթնոլորտ: Այս առումով՝ կողմերը կարեւորել են քաղաքական ելույթների, հայացքների համար որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդման անթույլատրելիությունը, օրենսդրական դաշտի եւ հատկապես քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերը հստակեցնելու անհրաժեշտությունը: