Արտոնել եւ արգելել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վանաձորի քաղաքապետարանին իրազեկել էր, որ մտադիր է հուլիսի 18-ին հանրահավաք անցկացնել: Քաղաքապետարանը իրազեկումը ընդունել է ի գիտություն: Սակայն ՀՔԱՎԳ-ն տեղեկացնում է, որ «2008թ. հուլիսի 15-ին, ըստ Լոռու մարզպետարանի հավաստի աղբյուրների, մարզպետի գլխավորությամբ, մարզպետարանի վարչությունների և համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն:

Խորհրդակցության հիմնական հարցը եղել է 2008թ. հուլիսի 18-ին Վանաձորում կազմակերպվող հանրահավաքի ձախողումը:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են այն միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խոչընդոտել հանրահավաքին մարդկանց մասնակցությունը:

Որոշվել է հրահանգել Լոռու մարզի բոլոր գյուղապետերին, որ վերջիններս չմասնակցեն կայանալիք հանրահավաքին: Միաժամանակ գյուղապետերը պետք է հնարավորինս արգելեն համագյուղացիների մասնակցությունը հանրահավաքին:

Քննարկվել է նաև Վանաձորի ներքաղաքային տրանսպորտի գործունեության դադարեցման հարցը: Որպեսզի հնարավոր լինի խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը Վանաձորի ծայրամասերից հանրահավաքի իրականացման վայր` Շառլ Ազնավուրի հրապարակին հարող տարածք: Այս վերջին հարցի վերաբերյալ խորհրդակցության արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել: Մասնակիցների մի մասի կարծիքով նման միջոցառումն ավելի կթեժացնեն լարվածությունը քաղաքում»: Ըստ ՀՔԱՎԳ-ի Վանաձորի առաջին բուժմիավորման տնօրենը եւս բուժմիավորման աշխատողներին հրահարգել է հանրահավաքին չմասնակցել: