Լուիս Մարիա դե Պուչը գալիս է

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը շուտով կայցելի Հայաստան, տեղեկացրել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը։

«Ես ծանոթ չեմ նրա հանդիպումների օրակարգին, սակայն ես կներկայացնեմ Հայաստանի կողմից ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի հետ կապված ԵԽԽՎ բանաձևի կատարման հարցի վերաբերյալ այստեղ անցկացված հանդիպումների մասին իմ դիտարկումներն ու արդյունքները», - Հայաստանում հայտարարել է Համմարբերգը եւ հավելել, որ ԵԽԽՎ նախագահը կայցելի Հայաստան՝ տարածաշրջանային իր այցի շրջանակներում, որի ընթացքում նա մտադիր է նաև այցելել Բաքու։

Միաժամանակ Համարբերգը նշել է, որ տեղեկատվություն չունի կայանալիք այցի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնարավոր քննարկման մասին. «Անձամբ ես նման ուսումնասիրություններ չեմ կատարել և չեմ կարող իմ ներկա այցի ընթացքում զբաղվել ղարաբաղյան հակամարտությունում մարդու իրավունքների հարցերով, իմ նպատակն էր ԵԽԽՎ բանաձևի կատարումը», - ասել է նա։

Իսկ ահա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը օրեր առաջ ասել էր, որ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը Հայաստան կայցելի հուլիսին՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Կազմակերպության մոտեցումների, ինչպես նաև Վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևերի վերաբերյալ ԵԽԽՎ-ի մոտեցումները ներկայացնելու համար: