ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանին՝ 52, Ղարաբաղին՝ 8 միլիոն դոլար
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի եւ Լեռնային Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն, ինչպես նաեւ 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն Հայաստանին եւ Ադրբեջանին:
Փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալը 2008 թվականի համեմատ կրճատել մոտ 60 տոկոսով, դարձնելով այն 24 միլիոն դոլար` ընթացիկ տարվա 58 միլիոնի դիմաց: Բուշի վարչակազմի ներկայացրած նախագիծը խախտում էր Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության` 2001 թվականին Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ ձեռք բերված համաձայնությամբ պահպանվող հավասարակշռությունը. երկու երկրների համար առաջարկելով հավասարաչափ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն, այն, միաժամանակ, նախատեսում էր ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար: Լեռնային Ղարաբաղի համար օգնություն վարչակազմը չէր առաջարկել:
Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի գլխավորությամբ, հորդորել էին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությունը վերանայել օգնության առաջարկվող ծավալները:
Ջո Նոլենբերգը ներկայացրել էր նաեւ փոփոխության նախագիծ, որով առաջարկվում էր ամերիկյան ռազմական օգնությունից զրկել Ադրբեջանին` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը: Այդուհանդերձ, փոփոխությունը ենթահանձնաժողովը մերժել է:
