ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանին գրասենյակ կտրվի
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով եւ գույքով ապահովելու եւ ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 22-ի թիվ 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումը փոփոխվել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընդունված որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ՀՀ ֆինանսների նախարարի եւ Երեւանի քաղաքապետի հետ համատեղ, միջոցներ ձեռնարկել պաշտոնաթող նախագահ Ռ. Քոչարյանին քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու ուղղությամբ:
Հաշվի առնելով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները՝ նախագծով առաջարկվել է Երեւան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու նպատակով, «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկից 374.1 քառ. մ. վերանորոգված տարածքը եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Համաձայն «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ձեռք բերված համաձայնության՝ վարձակալության տարեկան վճարը կկազմի 2 միլիոն դրամ (1 ք.մ. ամսական վարձավճարը՝ 445 դրամ), որի մեջ ներառված է նաեւ այվտոկայանատեղերի ու կոմունալ հարմարությունների եւ կոմունիկացիաների (հոսանք, ջուր, գազ, հեռախոս, ինտերնետ եւ այլն) վճարները: Համաձայն պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկության` գրասենյակային տարածքը կահավորելու նպատակով անհրաժեշտ է 17.661 միլիոն դրամ, որը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
