Մերժեցին երրորդ անգամ

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով անկախ հանձնաժողովը մերժել է «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով նրա նախորդ երկու դիմումները եւս մերժվել էին:

«Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին վաղաժամկետ ազատ արձակելու կոչով Հայաստանի իշխանություններին են դիմել տեղական եւ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Human Rights Watch-ը, «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», հայաստանյան հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ: Օրերս նման կոչով են հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը` «Ժառանգությունը»: