«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հուլիսի 21-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Վահագն Չախալյանի և նրա հարազատների` հոր ու եղբոր ապօրինի ձերբակալությունները` չպատճառաբանված և անհասկանալի պայմաններում:

Վրաստանի իրավապահ մարմիններին ընտանի դարձած հակահասարակական վարքագծին հավատարիմ, նախապես ծրագրված սադրանքն ի կատար ածելով, հուլիսի` լույս 21-ի ուշ գիշերին` ժամը 04:00-ին մոտ, վրացական դիմակավորված, զինված հատուկ ջոկատայինները ներխուժելով Վահագն Չախալյանի հայրական տուն` կոպիտ ու անհանդուրժելի վերաբերմունք ցուցաբերելով` անհիմն և շինծու մեղադրանքներով, կալանավորել են տան անդամներին, խուզարկել տունն ու ձերբակալել նրանց: Մայրը, միայնակ, ժամը 05:00-ին մոտ ազատ է արձակվել, իսկ Վահագն Չախալյանին, հորը` Ռուբիկ Չախալյանին և անչափահաս եղբորը` Արմեն Չախալյանին, մի քանի ժամ Ախալքալաքում կալանքի տակ պահելուց հետո, տեղափոխել են Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն` Ախալցխա: Այնուհետև, ձերբակալության մեկ օրը չլրացած` Վահագն Չախալյանին և նրա հարազատներին տեղափոխել են Թբիլիսի` երկու ամսով երկարաձգելով ազատության ժամկետը:

Միջադեպին հետևած Դաշինքի մի քանի անդամների ձերբակալությունները, մեղադրյալների շուտափույթ տեղափոխությունն էթնիկապես «ապահով» համարվող Ախալցխա, ապա` Թբիլիսի, անդամներից մեկին Ախալցխա տեղափոխելը, Գուրգեն Շիրինյանի հարազատներին անօրինական կերպով ծեծի ենթարկելն ու կալանքի տակ պահելը վկայում են, որ Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների և, մասնավորապես` ջավախահայության ազգային և քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվելու սահմանադրորեն ամրագրված օրինականության և միջազգայնորեն ստանձնված պարտավորությունների պահանջներով: Ջավախքում և ներկայիս Վրաստանի ողջ տարածքում մոլեգնող հակաժողովրդավարական և քաղաքական ցանկացած այլակարծությանն անհաշտ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ համահասարակական անհանդուրժողականությունը սերմանող թբիլիսյան այժմյան վարչակարգը պետք է քաջ գիտակցի նման քաղաքականության կործանարար հետևանքները` երկրի միջազգային վարկի, նրա քաղաքացիների բարօրության, անվտանգության և տարածաշրջանային կայունության համար:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը կրկին դատապարտում է ջավախահայության իրավունքների զանգվածային ոտնահարման, ուժային ապօրինի և սադրիչ գործողություններով բնակչությանն ահաբեկելու և վարչակարգի կողմից «չվերահսկվող» քաղաքական գործիչներին անհիմն և ակնբախորեն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալելու թբիլիսյան իշխանությունների քաղաքականությունը, որն արդեն իսկ կանգնեցրել է ջավախահայությանն անցանկալի հետևանքներով հղի համընդհանուր ըմբոստության շեմին

:

Դաշինքն ամենայն վճռականությամբ պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կերպով կալանքի տակ պահվողՎահագն Չախալյանին և նրա հարազատներին, կարճել հարուցված անհեթեթ ու անհիմն քրեական գործերը և դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն` ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ:

Դաշինքը տեղյակ է պահում հանրությանը, որ ջավախահայության արդար և համընդհանուր վճռականությանը հակազդելու, ապօրինաբար ձերբակալված անձանց անհապաղ ազատ չարձակելու, ազգային փոքրամասնությունների անվիճարկելի իրավունքները ոտնահարել շարունակելու պարագայում, իրավիճակի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կնկնի երկրի կենտրոնական իշխանությունների և Ջավախքում ծվարած վերջիններիս կամակատար անձանց վրա»։