Քաղբանտարկյալը Եվրոպայում ընդունելի երեւույթ չէ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պյուչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» ԵԽԽՎ 1609 բանաձեւի եւ դրա կատարման մասին ԵԽԽՎ 1620 բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդում ոչ ոք չի ցանկանում Հայաստանը դժվարին վիճակում լինի, ուստի, ինչպես մինչ այս Հայաստան ժամանած ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, այնպես էլ ինքը, եկել է խրախուսելու, քաջալերելու, որպեսզի երկիրն առաջ ընթանա եւ հաջողություններ արձանագրի վերոնշյալ բանաձեւերի իրականացման գործում ու բնականոն հուն մտնի:

ԵԽԽՎ նախագահը ՀՀ վարչապետի հետ խոսել է մասնավորապես մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության վերհանման անհրաժեշտության, այդ համատեքստում` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության եւ վերջինիս հետ կապված, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացրած` անկախ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկության, ինչպես նաեւ` մարտյան դեպքերի կապակցությամբ կալանավորված անձանց, Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ԶԼՄ-ների գործունեության համար լիակատար ազատության ապահովման հնարավորությունների, ընդդիմության լիազորությունների ընդլայնման հարցերի շուրջ:

Անդրադառնալով կալանավորվածների խնդրին, ԵԽԽՎ նախագահը նշել է, թե Եվրախորհուրդը չի կարող հանդուրժել, որ անդամ երկրներից որեւէ մեկում քաղբանտարկյալներ լինեն. «Դա ընդունելի չէ ԵԽ-ի համար: Խոսքը, սակայն չի վերաբերվում հանցանք կատարած մարդկանց: Եթե բռնությամբ ուղեկցված հանցագործություններ են կատարվել, պետք է տարբերակել. դրանք քաղաքականության հետ կապ չունեն: Ինչ դուրս է քրեական ոլորտից` անհրաժեշտ է հաշվի առնել եւ ազատ արձակել այդ ամենի հետ կապ չունեցող բանտարկյալներին», ասել է Լուիս Մարի դե Պյուչը: