ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սանկցիաներ կլինեն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, ապա «սկանդալային իրավիճակ կստեղծվի», «Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում տեղի ունենալիք քննարկումները կարող են աղետալի լինել Հայաստանի համար« եւ «շատ արագ սանկցիաներ կկիրառվեն»:
Նա ասաց, որ այդ մասին խոսել է Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումներում:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ խնդիրը կարող է բարձրացվել արդեն հոկտեմբերին տեղի ունենալիք նստաշրջանում, ԵԽԽՎ-ի նախագահ դրական պատասխան տվեց` հավելելով, այդուհանդերձ, որ դա «կախված կլինի Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումից»:
Իսկ դիտարկմանը, թե մինչեւ սեպտեմբերի 11-ը [երբ նշանակված է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը] քիչ ժամանակ է մնացել, վեհաժողովի նախագահը հակադարձեց, թե Հայաստանը ժամանակ ունեցել է դեռ մարտ ամսից, իսկ հունիսյան նստաշրջանում Հայաստանին լրացուցիչ ժամանակ տալու որոշումը «ուղղակի բացառություն էր»:
«Հայաստանը չի կարող սպասել մինչեւ հունվար: Ավելին, մինչեւ հունվար հնարավոր է, որ արդեն որոշում կայացված լինի», ասել է Լուիս Մարիա դե Պուչը:
