«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգություններն է հայտնել մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ:

«Մասնակցելով քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների հարցով ընթացող բազմաթիվ դատավարություններին` ականատեսն ենք եղել բազում խախտումների, որոնք պրոցեսուալ առումով կասկածի տակ են դնում դատավարության գործընթացի արդարացիությունը` փոքրագույն դահլիճների տրամադրում, ոստիկանական ցուցմունքներով մեղադրանքի սատարում, վկայությունների արհամարհում դատարանի կողմից և այլն, սակայն այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, որևէ տրամաբանական շրջանակի մեջ չի տեղավորվում»,- նշված է հայտարարության մեջ, ապա բերված են նաև օրինակներ:

Ըստ այդմ, «Դատական կարգադրիչները օրենքի բացահայտ ոտնահարմամբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին արգելել են մասնակցել Կարեն Թարխանյանի դատավարությանը: Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ ոչ միայն պարտադրվում է գործընթացն իրականացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի փոքրագույն դահլիճներից մեկում, այլև կանխավ դահլիճ են բերվում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, ովքեր զբաղեցնում են դահլիճի մի ստվար հատվածը: Փաստորեն դահլիճից դուրս են մնում Սմբատ Այվազյանի տասնյակ հարազատները և ընկերները, իսկ դատարանի մուտքի մոտ, որը վերահսկվում է ոստիկանական ուժերի կողմից, կանգնած անձանց քանակությունը անցնում է հարյուրից: Դատարանը աջակցում է ստեղծված ապօրինի իրավիճակին և, փաստորեն, նպաստում քաղաքացիների իրավունքների անսքող ոտնահարմանը: Դատավոր Գագիկ Ավետիսյանին, ուղղված բոլոր դիմումներն (ապահովել դատավարության համար տարողունակ դահլիճ կամ հեռարձակել դատական նիստը) առ այսօր մնացել են անպատասխան»:

Նշենք, որ, ըստ «Ժառանգության» հայտարարության, 2008 թվականի հուլիսի 30-ին կայացած նիստում «դատավորի կարգադրությամբ դահլիճ կանխավ բերված «հանդիսական-ոստիկանների» և դահլիճ բախտի բերմամբ մուտք գործած անձանց միջև կանգնեցվել է դատական կարգադրիչների շղթա»:

Ելնելով վերը նշվածից, «Ժառանգություն» խմբակցությունը փաստում է, որ դատավարական գործընթացի վրա տեղի է ունենում ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ ճնշում:

«Սա Հայաստանում ձևավորված և ընթացող «սև հարյուրյակային տեռորի» դրսևորումն է դատավարական գործընթացներում: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը, դատական նիստերի դռնբաց ընթացքը, դատական քննության հրապարակայնության իրավունքը սույն գործողություններով բացահայտորեն ոտնահարվում են»,- նշում են հայտարարության հեղինակները: